Երեւանի բնակիչ, 50-ամյա Ռուդոլֆ Հ.-ն մեղադրվում է Հանրային հեռուստաընկերությունից կինոժապավեններ գողանալու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Դեպքը տեղի է ունեցել անցած տարվա հոկտեմբերին: Ռուդոլֆը դռան փականը բացելու միջոցով ապօրինի մուտք է գործել «Հայաստանի հանրային հեռուստատեսության» ՓԲԲ-ի ֆիլմադարանի պահեստարան, և այնտեղից գաղտնի հափշտակել շուրջ 441 հազար 600 ՀՀ դրամ արժողության 736 հատ կինոժապավեններ: Դրանք լցնելով պարկերի մեջ՝ Ռուդոլֆը մի մասը հոկտեմբերի 14-ին, իսկ մնացածը հոկտեմբերի 15-ին, իր անձնական օգտագործման «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել է Երևան քաղաքի «Սարի թաղի հրապարակ» կոչվող հատված և հանձնել է ոմն Արմանին՝ դրանց դիմաց վերջինիցս ստանալով րնդհանուր 20.000 ՀՀ դրամ գումար։

Ռուդոլֆ Հ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով եւ 268-րդ հոդվածի 1-ին մասով: Առաջինը նախատեսում է տուգանք` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկում` երկուսից հինգ տարի ժամկետով: Երկրորդը նախատեսում է կալանք՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Գործը քննվում է Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում: Դատական առաջին նիստը նշանակված է ապրիլի 8-ին: