ՆԱՏՕ-ի ռազմական ներկայությունը Դաշինքի անդամ երկրներում ամրապնդելու մասին հայտարարությունը պարզապես ցանկություն է փրկել դեմքը, հիմնականում իրենք իրենց համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսանդր Խրամչիխինը: Նրա խոսքով՝ դա ՆԱՏՕ-ի չկայացածվածության հերթական արտահայտությունն է:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի հետ ՆԱՏՕ-ի համագործակցության դադարեցնումն առաջին անգամ չէ, որ տեղի է ունենում, դա արդեն բազմաթիվ անգամ է եղել: «Ընդհանուր առմամբ՝ այդ համագործակցությունը ֆիկցիա է, դրանից ոչ մի պրակտիկ գործողություն չի բխում ոչ մի կողմից»,-նշել է Խրամչիխինը:
Արեւելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի ռազմական ներկայության ամրապնդման հետ կապված, քաղաքագետը ցանկություն է հայտնել սպասել այդ ուղղությամբ պրակտիկ գործողությունների:
«Ես չգիտեմ, որտեղից են վերցնելու այդ ուժերը, որոնք տեղակայելու են Արեւելյան Եվրոպայում: Իմ կարծիքով՝ դա պարզապես կլոունադա է, եւ աստիճանաբար կմարի, եթե Ուկրաինայում ոչինչ տեղի չունենա»,-ընդգծել է Խրամչիխինը: Նա մեջբերել է լեհական թերթերից մեկի մի հոդվածը, որտեղ, իր խոսքով, հրաշալի նախադասություն կար. «Շնորհակալություն Պուտինին՝ հերթական անգամ հիշեցնելու համար, որ այսօրվա ՆԱՏՕ-ն նույնիսկ «թղթե վագր» չէ, այլ «օճառի պղպջակ»:
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳ նախարարներն ապրիլի 1-ին հայտարարել էին, որ Դաշինքը մտադիր է ուժեղացնել իր ներկայությունը կազմակերպության արեւելաեվրոպական անդամ երկրներում:



























