Մինչեւ սեպտեմբերի 30-ը «Կուտակային կենսաթոշակների» մասին օրենքը գործելու է, եւ քաղաքացիները պարտավոր են շարունակել վճարել պարտադիր կենսաթոշակային վճարները: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Սահմանադրական դատարանի անդամ Ֆելիքս Թոխյանը:

Նրա խոսքով՝ ՍԴ-ն չի ասել, որ պարտադիր կուտակային համակարգը հակասահմանադրական է, չկա այդպիսի բան: «Մենք ասել ենք, որ ներկայացված մոդելում կան հակասահմանադրական կետեր, որոնք պետք է կարգավորվեն պատասխանատու մարմինների, այս դեպքում՝ կառավարության եւ Ազգային ժողովի կողմից»,-ընդգծել է Թոխյանը:

Նշենք, որ ապրիլի 2-ին Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց «Կուտակային կենսաթոշակի մասին» ՀՀ օրենքի վիճարկվող դրույթները: Մինչեւ սեպտեմբերի 30-ը ՍԴ-ն ժամանակ է տվել խորհրդարանին եւ կառավարությանը՝ վիճահարույց օրենքի հակասահմանադրական ճանաչված դրույթները փոփոխության ենթարկելու համար: Մինչեւ այդ կատարված պարտադիր կենսաթոշակային բոլոր վճարումները պետք է վերանայվեն: Որոշումն ուժի մեջ է մտել հրապարակման պահից: