Ամերիկայի Միացյալ Նահանգները հիասթափություն է հայտնել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պաշտպանող եւ Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը դատապարտող բանաձեւի դեմ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Հայաստանի քվեարկության առնչությամբ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
«Միացյալ Նահանգները մեծապես աջակցում էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ներկայացված բանաձեւին եւ Վաշինգտոնը հստակ կերպով ներկայացրել է այս խնդրի վերաբերյալ մեր դիրքորոշումը: Այս գործընթացի յուրաքանչյուր հանգրվանում մենք աջակցում ենք Ուկրաինային: Միացյալ Նահանգները հիասթափված է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը դատապարտող բանաձեւի դեմ Հայաստանի քվեարկության առնչությամբ»,- «Ազատություն» ռադիոկայանի հարցերին ի պատասխան ուղարկված գրավոր մեկնաբանություններում տեղեկացրել Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը:
Հարցին՝ արդյոք Երեւանի դիրքորոշումը վնա՞ս է հասցրել ԱՄՆ – Հայաստան հարաբերություններին, Հայաստանում ԱՄՆ-ի դիվանագիտական ծառայությունը պատասխանել է․ «Մենք շարունակում ենք մեր համագործակցությունը Հայաստանի հետ բազմաթիվ հարցերում»:
Հայաստանը մեկն էր այն 11 պետություններից, որը դեմ էր քվեարկել մարտի 27-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունված բանաձեւին:
Հայաստանից բացի բանաձեւին դեմ էին քվեարկել Ռուսաստանը, Բելառուսը, Բոլիվիան, Կուբան, Հյուսիսային Կորեան, Նիկարագուան, Սուդանը, Սիրիան, Վենեսուելան եւ Զիմբաբվեն: 58 երկրներ ձեռնպահ էին, այդ թվում՝ Չինաստանը: 100-ը կողմ էին քվեարկել եւ բանաձեւը ընդունվել էր:



























