Ուկրաինայում իրավապահ մարմինները Մայդանում փետրվարի 18-20-ին ակտիվիստների սպանության առթիվ գործի շրջանակներում ձերբակալել են 3 անձի: Ինչպես հայտարարել է Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնակատար Օլեգ Մախնիցկին, այս պահին 9 անձանց հետ օպերատիվ աշխատանքներ են տարվում, որոնցից 3-ին արդեն ձերբակալել են, իսկ մյուսների հետ քննչական գործողություններ են անցկացվում:

Ձերբակալվածների թվում դիպուկահարների խմբի ղեկավար է: Ձերբակալվածները բոլոր «Բերկուտի» աշխատակիցներ են, հաղորդում է «ԼիգաԲիզնեսԻնֆորմը»: Գլխավոր դատախազության տվյալների համաձայն՝ հատուկ ջոկին Կալաշնիկովի ինքնաձիգներ են տրամադրել, դիպուկահարների հրացանններ եւ այլ զենք: Գլխավոր դատախազության տվյալներով՝ հրամանները տրվել են «նախագահ- նախագահի աշխատակազմի- ՆԳՆ – Ուկրաինայի անվտանգության ծառայություն» շղթայով եւ ստորին օղակներին:

Կիեւի կենտրոնում ցուցարարների սպանության հետաքննության շրջանակներում քննիչները հարցաքննել են իրավապահ մարմինների 30 հազար աշխատակցի, որոնք փետրվարի 18-20-ի ընթացքում մայրաքաղաքում ծառայությունն են իրականացրել:

Ինչպես հաղորդում են գերատեսչությունում, առաջիկայում ուժայինները նախատեսում են ձերբակալել գործի մյուս կասկածյալներին:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի առողջապահության նախարարության տվյալների համաձայն՝ փետրվարի 18-ից Կիեւի կենտրոնում բախումների հետեւանքով տուժել է 1528 մարդ, հակակառավարական ցույցերի 103 մասնակից զոհվել է: 166-ը համարվում են անհետ կորած: