Delta Air Lines ավիաընկերության օդանավը հիդրավլիկ համակարգում եղած խնդիրների պատճառով արտակարգ վայրէջք է կատարել Նյու Յորքի Ջոն Քենեդիի անվան օդանավակայանում եւ դուրս եկել թռիչքուղուց:
Միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով 21.00-ի սահմաններում: 866 թվերթի օդանավում եղել է 118 ուղեւոր եւ անձնակազմի 5 անդամ, որն Ատլանտայից ուղեւորվում էր Նյու Յորքի Լա Գուարդիա օդանավակայան:
Երբ օդանավում օդաչուների խցիկում ինդիկատորը ցույց է տվել, որ խնդիրներ կան հիդրավլիկ համակարգում, օդաչուները որոշել են փոխել երթուղին եւ վայրէջք կատարել Ջոն Քենեդիի անվան օդանավակայանում, քանի որ վերջինիս թռիչքուղին ավելի երկար է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Reuters-ը:
«Օդանավի արագությունն այդ պահին մեծ չի եղել եւ այն հաջողությամբ վայրէջք է կատարել, սակայն թռիչքուղուց մի փոքր դուրս է եկել»,-ասել է ավիաընկերության ներկայացուցիչը:
Ուղեւորներից ոչ ոք չի տուժել: Մասնագետները պարզում են վթարի պատճառները:




























