Ճապոնիայի խոշորագույն մաֆիական խմբավորում «Յամագուտի-գումին» կայք է բացել, որտեղ տեղադրված է «կորպորատիվ» հիմն եւ թմրանյութերի դեմ պայքարի կոչ:
Նոր կայքը կոչված է Մաֆիայի՝ որպես «հակահասարակական» ուժի մասին պատկերացումը փարատելու, հայտնում են լրատվամիջոցները:
«Կայքում խմբավորման անդամների ուխտագնացության տեսանյութն է տեղադրված, ուղեկցող երաժշտությունը ճապոնական ավանդական ոճի երգ է: Տեքստում ներկայացվում են կլանի իդեալները՝ տղամարդկություն, անարդարության դեմ պայքարելու եւ թույլերին օգնելու ձգտում», - ասված է հաղորդագրությունում:
«Յամագուտի-գումին» մեդիաոլորտում արդեն փորձ ունի: Նախորդ տարի սկսել էին ամսագիր հրատարակել՝ բացառապես խմբի անդամների համար:
Իտալական եւ չինական մաֆիաների նման, յակուձան հիմնականում վերահսկում է մարմնավաճառությունը, խաղային եւ թմրանյութերի բիզնեսը: Սակայն ի տարբերություն նրանց, այն օրենքից դուրս չէ:
Ճապոնիայում նրանց բավական հանդուրժողաբար են վերաբերվում:
Ոստիկանության տվյալով՝ 2013թ. ճապոնական մաֆիայի անդամների թիվը կտրուկ կրճատվել է: Հնարավոր է՝ կայքը նաեւ յակուձայի երբեմնի փառքը վերականգնելու քայլ է:











