Հրաչյա Քոչար-27 հասցեում ապրիլի 2-ին ինքնահրկիզված 43-ամյա Արտեմ Մարտիրոսյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Այրվածքաբանության եւ Ճառագայթային բժշկության» կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյանը:
Նա նշեց, որ տղամարդը դուրս է եկել շոկային վիճակից, բայց դեռ 5-6 օր նրա վիճակը կմնա ծանր, իսկ հիվանդանոցում հնարավոր է պառկի շուրջ մեկ ամիս:
Նորայր Դավիդյանը տեղեկացրեց, որ Արտեմ Մարտիրոսյանը 3-4-րդ աստիճանի այրվածքներ ունի գլխի, երեսի, դեմքի, պարանոցի, երկու դաստակների շրջանում, բայց ամենավտանգավորը շնչուղիների այրվածքն է: Այրվածքների ընդհանուր մակերեսը կազմում է 30 տոկոս: «Կրակող այրվածքներ էին, հավանաբար բենզինով է այրել իրեն, քանի որ բենզինի հոտ էր գալիս: Գտնվել է ալկոհոլի ազդեցությամբ, նրա մոտ առկա է նաեւ էպիլեպսիա հիվանդություն: Առայժմ կյանքին վտանգ է սպառնում, քանի որ շնչափողի այրվածքը շատ լուրջ է»,- ասաց տնօրենը:
Մեզ հաջողվեց պարզել նաեւ, որ Արտեմ Մարտիրոսյանը Արաբկիր վարչական շրջանից է, ամուսնացած է, չի աշխատում, ինքնահրկիզման քայլին էլ դիմել է սոցիալական ծանր պայմաններից դրդված:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հրաչյա Քոչար 27 հասցեում ապրիլի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. Մի քաղաքացի ինքնահրկիզվել է: Դեպքի վայր հասած շտապօգնության աշխատակիցները նրան տեղափոխել են «Ճառագայթային բժշկության եւ այրվածքաբանական կենտրոն»: Պարզվել է, որ տղամարդը 43-ամյա Արտեմ Մարտիրոսյանն է, ով այդ պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ:



























