ՄԱԿ-ի որոշմամբ հայտարարված Ընտանիքի տարվա միջոցառումներ կանցկացվեն նաեւ Հայաստանում, հավանության է արժանացել նաեւ կնոջ եւ տղամարդու իրավահավասարությանը միտված միջոցառումների ծրագիրը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Կառավարությունից:
Հիմք ընդունելով 2014 թվականը ընտանիքի տարի հայտարարելու Միավորված Ազգերի Կազմակերպության որոշումը, ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում մեր երկրում Ընտանիքի տարի է հայտարարել 2014թ. ապրիլի 7-ից 2015թ. ապրիլի 7-ը ընկած ժամանակահատվածը: Գործադիրը նույն որոշմամբ հաստատել է Ընտանիքի տարվա կապակցությամբ անցկացվելիք միջոցառումների ցանկը, դրանց կատարումը վերապահել շահագրգիռ նախարարությունների եւ գերատեսչությունների, ՀՀ մարզերի եւ Երեւան քաղաքի ղեկավարներին:
Երկու այլ որոշմամբ կառավարությունը հավանություն է տվել կնոջ եւ տղամարդու իրավահավասարության քաղաքականության, սեռի հատկանիշով բռնության կանխարգելման 2014թ. միջոցառումների տարեկան ծրագրերին: Պաշտոնական վիճակագրության տվյալներով Հայաստանում պահպանվում է կանանց հանդեպ քողարկված խտրականությունը: Ակնկալվում է, որ ընդունված որոշումները նպաստելու են կնոջ եւ տղամարդու իրավահավասարության գիտակցմանը եւ սեռի հատկանիշով բռնության կանխարգելմանը:
Այս տարվա պետբյուջեի եւ կառավարության նախորդ որոշումներից մեկի փոփոխությամբ գործադիրը մտադիր է ապահովել Գյումրի քաղաքում կառուցված 1756 բնակարանի եւ Շիրակի, Լոռու եւ Արագածոտնի մարզերի բնակավայրերում 2014թ. կառուցվելիք մոտ 1300 բնակարանի ձեռք բերման, նշված 1300 բնակարանի, ինչպես նաեւ 2010-2012թթ. ընթացքում բաշխված, սակայն դեռեւս չմասնավորեցված մոտ 2000 բնակարանի նվիրատվության պայմանների կնքման գործընթացների, ծրագրի արդյունքների ամփոփման, գնահատման եւ վերլուծության աշխատանքի իրականացումը: Այդ նպատակով ՀՀ քաղաքաշինության նախարարությանը հատկացվել է ավելի քան 10 մլն դրամ:
Կառավարության որոշմամբ Հայաստանի հանրակացարաններում երկար տարիներ բնակվող տեղաբնակ բնակիչների եւ նրանց ընտանիքների սոցիալական եւ կենցաղային խնդիրների լուծման նպատակով այդ բնակիչներից եւս 15-ին նվիրաբերվել են նրանց զբաղեցրած տարածքները:


























