Պուշկինի եւ Դիլիջանի թունելների հիմնանորոգման աշխատանքներ կկատարվեն, որոնց նախագծման նպատակով տրամադրվել է մոտ 28 մլն դրամ: Այս մասին նշվել է կառավարության այսօրվա՝ ապրիլի 3-ի նիստում:
Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման նախագծային աշխատանքների եւ հեղինակային հսկողության համար 2014թ. պահանջվում է մոտ 39 մլն դրամ, սակայն պետբյուջեով հատկացված է 18 միլիոնը: Մնացած գումարի հատկացման նպատակով գործադիրն իր այսօրվա նիստում վերաբաշխում է կատարել 2014թ. պետբյուջեում, փոփոխություններ եւ լրացումներ՝ իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում: 2014թ. սկսած եւ հետագա տարիների ընթացքում նախատեսվում է իրականացնել Պուշկինի եւ Դիլիջանի թունելների հիմնանորոգման աշխատանքներ, ուստի դրանց նախագծմանը տրամադրվել է մոտ 28 մլն դրամ: Հիմնանորոգման եւ տեխնիկական հսկողության մեծածավալ աշխատանք է կատարվելու Երեւան-Գորիս-Իրանի սահման Գորիս քաղաքով անցնող 4.5 կիլոմետր ճանապարհին, Երեւան-Սեւան-Իջեւան-Ադրբեջանի սահման, Ջրառատ-Գայ-Ակնաշեն ավտոճանապարհների մի շարք այլ հատվածներում:
Որոշման ընդունումը 2013թ. ՀՀ պետբյուջեի ծախսի եւ եկամտի ավելացում կամ նվազեցում, ինչպես նաեւ ֆինանսական լրացուցիչ միջոցների անհրաժեշտություն չի առաջացնում:



























