Սեւանի իշխանի վերականգնման ծրագրի առաջին 10 տարվա ընթացքում տարեկան կարտադրվի 50 հազար տոննա ձուկ: Այս մասին նշվել է այսօր՝ ապրիլի 3-ի կառավարության նիստում:
Սեւանա լճում իշխանի պաշարի վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հարցերի խորհրդի ներկայացրած համալիր ծրագրի իրականացման նպատակով ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 3-ի նիստում համապատասխան որոշում է ընդունել:
Ներկայումս իշխանը զուրկ է բնական ինքնավերարտադրության հնարավորությունից: Նրա չորս ենթատեսակից երկուսը՝ ձմեռային իշխանն ու բոջակը համարվում են իսպառ վերացած, իսկ գեղարքունին եւ ամառային իշխանը պահպանվել են աննշան քանակությամբ: 2004թ. սկսած պետական տարբեր ծրագրերով ձկան պոպուլացիան վերականգնելու նպատակով ամեն տարի որոշ քանակությամբ մանրաձուկ է բաց թողնվում Սեւանա լիճ: Սակայն գեղարքունին եւ ամառային իշխանը որպես տեսակ պահպանելու համար դա բավարար չէ: Խնդրի արդյունավետ լուծում կարող է դառնալ կառավարության ընդունած որոշումը, ըստ որի անհրաժեշտ է մշակել եւ հաստատել նախատեսված քանակությամբ ցանցավանդակային տնտեսությունների տեղադրման տարածքները, այդ տնտեսությունների կողմից թույլատրելի արտանետումների նորմատիվները եւ դրանց մշտադիտարկման կարգը եւ այլն:
Ակնկալվում է, որ ծրագրի առաջին 10 տարվա ընթացքում տարեկան կարտադրվի, կվերամշակվի եւ կարտահանվի մոտ 50 հազար տոննա ձուկ, որի արժեքը կկազմի շուրջ 175 մլրդ դրամ: Ամեն տարի ցանցավանդակային տնտեսությունների ձեւավորած հասույթի 1.5 տոկոսը պետք է տրամադրվի հիմնադրամին՝ Սեւանա լճում իշխանի պաշարի վերականգնման նպատակով մանրաձուկ ձեռք բերելու համար: Ենթադրվում է, որ Սեւանի իշխանի արտադրության ոլորտում կստեղծվի 2.5-3 հազար, իսկ ընդհանուր արժեշղթայում՝ 5-6 հազար աշխատատեղ: Նախատեսվում է նաեւ ստեղծվող տնտեսությունների վճարների հաշվին միջոցներ ձեւավորել լճի ավազանի խնդիրների լուծման նպատակով: Ծրագրի կառավարիչ է նշանակվել «Հայկական բերքի առաջմղման կենտրոն» ՓԲԸ-ն:



























