Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը իրական է համարում Ռուսաստանի ռազմական ագրեսիան Ուկրաինայի արեւելքում եւ հարավում: Այս մասին նա հայտարարել է գերմանական Die Zeit պարբերականին տված հարցազրույցում:
«Ոչ ոք չգիտի, արդյոք դա տեղի կունենա, թե ոչ»,-ասել է Տուսկն ու հավելել. «Եթե ողջ աշխարհն այսօր Ուկրաինայի դեմ հարձակումը հնավարո է համարում, եթե մենք սովորել ենք այդ մտքին, ապա դա ապացույց է, որ իրավիճակը կտրուկ փոխվել է»:
Տուսկն ընդգծել է, որ Լեհաստանի իշխանությունը արդիական է համարում հակաօդային պաշտպանության համակարգերի տեղակայման պլանը, որը թույլ կտար ամրապնդել երկրի անվտանգությունը:
«Մեր հաշվարկը պարզ է. բոլոր թղթային երաշխիքներից լավագույնը ՆԱՏՕ-ի ֆիզիկական ներկայությունն է Լեհաստանում»,-հայտարարել է նա, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը:
Ավելի վաղ այս շաբաթ Լեհաստանի վարչապետը հայտնել էր, որ լեհական իշխանությունը հանդես է գալիս իր տարածքում ՆԱՏՕ-ի ռազմական ուժերի ներկայության ավելացման օգտին, այդ թվում Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով:
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի գլխավոր հրամանատար գեներալ Ֆիլիպ Բրիդլավը հայտարարել է, որ Ուկրաինայի արեւելյան սահմաններին կենտրոնացած ռուսական զորքերը պատրաստ են ագրեսիայի եւ կարող են իրենց նպատակին հասնել 3-5 օրում:



























