«Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար, նոյեմբերի 5-ից անազատության մեջ գտնվող Շանթ Հարությունյանի որդուն՝ 14-ամյա Շահեն Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ոստիկան Գեղամ Խաչատրյանին բարձրախոսով հարվածելու համար: Այս մասին NEWS.am-ին ասաց Շահենի մայրը՝ Ռուզաննա Բադալյանը:

«Առերեսման ժամանակ Գեղամ Խաչատրյանն ասաց, որ Շահենը հետեւից հասել ու հարվածել է ծոծրակին, որից ինքը գլխուղեղի ցնցում է ստացել եւ բուժվել հիվանդանոցում»,- ասաց տիկին Ռուզաննան:

Ոստիկանությունում Շահենը հրաժարվել է առերեսումից եւ ցանկացած այլ ցուցմունք տալուց:

«Շահենը մենակ ասաց, որ ինքը չի ճանաչում Գեղամ Խաչատրյանին ու էլ ոչ մի հարցի չպատասխանեց»,- ավելացրեց Շանթ Հարությունյանի կինը՝ նշելով, որ որդին ստորագրել է միայն քաղաքից չբացակայելու մասին փաստաթուղթը:

Նշենք, որ Շահենին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: Ապրիլի 4-ին առավոտյան 11:00-ին նրան նորից կանչել են ՀՀ ոստիկանության գլխավոր քննչական վարչություն: Շահենին սատարող քաղաքացիները պատրաստվում են բողոքի ակցիա անցկացնել շենքի մոտ:

Հիշեցնենք,  որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը, նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բերման ենթարկվածներից 18-ին ներգրավվել էին որպես վկա եւ ազատել էին, իսկ 20-ը ձերբակալվել էր: