Հայաստանի կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 3-ի նիստում ընդունել է Տավուշի մարզի Դիլիջան համայնքի վարչական սահմանների տարածքում բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու որոշում՝ միջազգային դպրոցի կառուցման համար:
Հաշվի առնելով «Քեմփ վենչուրս» ՓԲԸ-ի եւ Հայաստանում ու Մեծ Բրիտանիայում գրանցված բարեգործական հիմնադրամների ներքո գործող անկախ, շահույթ չհետապնդող, ինչպես նաեւ «Միացյալ համաշխարհային քոլեջների» կողմից իրականացվող կրթական ծրագրերի կարեւորությունը, գործադիրը քաղաքացի Սաթենիկ Սանթրոսյանի սեփականությունը հանդիսացող անշարժ գույքի (հող եւ շինություններ) նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ է ճանաչել հետեւյալ հիմնավորմամբ. ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատիրոջ շահից, քանի որ միջազգային դպրոցի կրթական ծրագիրն ունի համապետական կարեւոր նշանակություն, ծրագրի անխափան իրականացումը կապահովի 50 երկրից 650 աշակերտի ուսուցում, ծրագրի արդյունավետ իրագործումը չի կարող լիարժեք ապահովվել առանց նշված սեփականության օբյեկտի օտարման: Որոշմամբ, մասնավորապես, սահմանվել է, որ վերը նշված տարածքի ձեռք բերողն է «Քեմփ վենչուրս» ՓԲԸ-ն, սեփականության օտարման գործառույթների իրականացումը համակարգող եւ պետական լիազոր մարմինը Տավուշի մարզպետն է, սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը 2014թ. մայիսի 1-ն է:
Օտարվող սեփականության օբյեկտը գտնվում է կրթահամալիրի անմիջական հարեւանությամբ, որտեղ կառուցվելու են օժանդակ շինություններ, բարեկարգվելու է շրջակա տարածքը:



























