Կառավարությունը Արարատյան ջրավազանում ստեղծված բնապահպանական բարդ իրավիճակի հաղթահարման նպատակով որոշել է ձկնաբուծական տնտեսությունների ջրօգտագործման ծավալը նվազեցնել մինչեւ 1/3 չափի հասնելը:
Այս մասին որոշում է կայացվել այսօր՝ ապրիլի 3-ին կայացած Կառավարության նիստում:
Արարատյան ջրավազանի ջրային պաշարի անարդյունավետ օգտագործման հետեւանքով ստեղծվել է բնապահպանական բարդ իրավիճակ, ինչը պայմանավորված է նաեւ խորքային հորերի հորատումն իրականացնող սարքավորումների աշխատանքի ոչ պատշաճ հսկողությամբ: Այսօրվա որոշմամբ կառավարությունը, փոփոխելով իր նախկին որոշումներից մեկը, խստացրել է այդ հսկողությունը, ինչն էլ կնպաստի ապօրինի շահագործվող խորքային հորերի նկատմամբ հսկողական համակարգի ներդրմանը եւ կիրառմանը: Հաջորդ որոշմամբ հաստատվել է «Ապօրինի շահագործվող, ինչպես նաեւ չշահագործվող հորատանցքերի համար ջրօգտագործման թույլտվության, դրանց լուծարման եւ կոնսերվացման կարգը»: Փաստաթղթով արգելվել է Արարատի եւ Արմավիրի մարզերում ձկնաբուծության նպատակով նոր հորատանցքերի ջրօգտագործման թույլտվության տրամադրումը. նշված մարզերի համայնքների ղեկավարները չպետք է տրամադրեն նախկինից ջրօգտագործման թույլտվություն ունեցող, սակայն չհորատված հորատանցքերի շինարարական թույլտվություն: Որոշմամբ հաստատված կարգի համաձայն տրված են ապօրինի շահագործվող, չշահագործվող, լուծարման եւ կոնսերվացման ենթակա հորատանցքերի, ինչպես նաեւ դրանց առնչվող անձանց ու կատարվող գործողությունների սահմանումները, ինչն էլ թույլ կտա այդ գործողություններն իրականացնել առանց տարաբնույթ մեկնաբանությունների: Ժամկետանց ջրօգտագործման թույլտվության հայտերի գնահատման հիմնական պայման է հանդիսանալու ձկնաբուծական տնտեսություններում ջրօգտագործման ծավալը մինչեւ 1/3 չափի հասցնելը, որի համար ջրօգտագործողները պետք է ներդնեն ջրամատակարարման փակ կամ կիսափակ շրջանառու համակարգ, ինչպես նաեւ ջրօգտագործման ավտոմատ կառավարման արդի սարքավորումներ: ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվելու է միջգերատեսչական հանձնաժողով, որը կքննարկի եւ կգնահատի մինչեւ 2014թ. ապրիլի 1-ը ՀՀ բնապահպանության նախարարություն մուտքագրված հայտերը եւ կգործի մինչեւ 2014թ. օգոստոսի 1-ը:
Այս համատեքստում գործադիրն առաջարկում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել ՀՀ ջրային օրենսգրքում, «ՀՀ ջրի ազգային ծրագրի մասին» եւ եւս երկու օրենքներում: Նախագծերի փաթեթի ընդունումը կհանգեցնի մակերեւութային եւ ստորերկրյա ջրերի առանձնահատկությունների հստակեցմանը, մասնավորապես՝ կապված ջրային հաշվեկշռի, ջրային պաշարի մոնիթորինգի, ջրի պաշարի պետական կադաստրի, ջրօգտագործման հուսալիության երաշխիքի հետ:
Այս տարի նվազել է ոչ միայն արտեզյան հորիզոնների եւ Սեւ ջրի ջրատվությունը, այլեւ ջրամբարներում եւս ջրի բավարար քանակություն չի կուտակվել: Դրա հետեւանքով, մասնավորապես Սեւան-Հրազդան դերիվացիոն համակարգում, առաջացել է լրացուցիչ ֆինանսական պարտավորություն՝ էլեկտրաէներգիայի մեծացած ծախսի վճարումը: Կառավարությունն իր որոշմամբ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ կանոնադրական կապիտալը նվազեցնելու եւ գույք օտարելու շնորհիվ առաջացած գումարը որպես ընթացիկ դրամաշնորհ հատկացրել է «Սեւան- Հրազդանյան-ջրառ» ՓԲԸ-ին՝ բարելավելով ընկերության ֆինանսական վիճակը:



























