Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը հերքում է Սեւանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանի հետ լարված հարաբերություններ ունենալու մասին լուրերը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց մարզպետը:
Նա նշեց, որ այդ լուրերին շատ հանգիստ է վերաբերում է, քանի որ առաջին անգամը չէ: Մարզպետը շեշտեց, որ համայնքի ղեկավարի հետ հարաբերություններում առաջնահերթ է մարդ լինելը եւ մարդկային հարաբերությունները: «Ցանկացած համայնքի ղեկավար, եթե մտածում է իրականացնել իր ծրագրերը, պետք է նորմալ հարաբերություններ պահպանի ոչ միայն մարզպետի, այլեւ բոլորի հետ: Ինձ համար չկան վատ հարաբերություններ, կա հարաբերություն եւ ոչ հարաբերություն: Ինչ վերաբերում է Սեւանի համայնքի ղեկավարին, ապա ասեմ, որ ապրիլի 2-ին, ժամը 14.00-ին, ինձ մոտ հրավիրված էին շուրջ 20-25 համայնքի ղեկավարներ ջրամատակարարման եւ ջրահեռացման խնդիրների հետ կապված եւ ներկա էր նաեւ Սեւանի քաղաքապետը:
Ավելին մինչեւ խորհրդակցությունը, նախնական քննարկման մասնակցել են Սեւանի եւ Մարտունու քաղաքապետերը եւ ղեկավարների հանդիպումից հետո եղավ սուրճի հյուրասիրություն, որին համայնքի ղեկավարներից մասնակցել է միայն Սեւանի քաղաքապետը:
Ցանկացած համայնքի ղեկավար, կարծում եմ, քաջ գիտակցում է, որ իր նախընտրական ծրագրերը իրականացնելուց պետք է հարաբերություն ունենա մարզպետի հետ»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է քաղաքապետի ընտրություններում նրան աջակցելու մասին լուրերին, Ռաֆիկ Գրիգորյանն ասաց, որ ինքը առաջադրվել է ՀՀԿ-ի կողմից եւ կուսակցությունն էլ որոշել է աջակցել Ռուդիկ Ղուկասյանին, այդ թվում՝ մարզպետը աջակցել է նրան:
Անդրադառնալով Սեւանի քաղաքապետի աշխատանքին՝ մարզպետն ասաց, որ ցանկացած համայնքի ղեկավարի աշխատանքի գնահատականը տալիս է համայնքը: «Եթե խոսքը վերաբերում է Ռուդիկ Ղուկասյանին, ինքը բավականին փորձառու ղեկավար է եւ մեծ աշխատանքային կենսագրություն ունի, կարծում եմ, տարիների ընթացքում հնարավոր կլինի»,- նեշց մարզպետը:
Նշենք, որ «Հրապարակի» տեղեկություններով, վերջերս ծայրաստիճան լարվել են Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի եւ Սեւանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանի՝ հայտնի Ուդոյի հարաբերությունները: Այնքան, որ վերջին ամիսներին քաղաքապետը բոյկոտել է մարզպետի հրավիրած նիստերը: Թե որն է կոնֆլիկտի պատճառը, հստակ հայտնի չէ:
Հիշեցնենք, որ Ղուկասյանը քաղաքապետ դարձավ մարզպետի աջակցությամբ, մինչդեռ այժմ մերձավոր շրջապատում խոսելիս հայտարարում է, որ Գրիգորյանի՝ մարզպետ դառնալու համար ինքը գործի է դրել իր լայն կապերը:



























