Նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով Շանթ Հարությունյանի հետ ձերբակալված Տիգրան Պետրոսյանի մեղադրանքը մարտի 31-ին փոխվել է, սակայն նոր մեղադրանքում նշված հանգամանքը հակասում է գործում եղած ապացույցներին: Այս մասին այսօր՝ ապրիլի 3-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Տիգրան Պետրոսյանի փաստաբան Արա Զաքարյանը:
«Տիգրան Պետրոսյանին առաջադրված նոր մեղադրանքը էապես փոխում է ամեն ինչ: Ավելին, հերքվում են այն հանգամանքերը, որոնք դատարանը մինչեւ այդ հաստատված էր համարել և դրանց հիման վրա Տիգրան Պետրոսյանին կալանքի տակ պահել: Դատարանը Տիգրան Պետրոսյանին կալանավորելու որոշոման հիմքում դրել էր քննիչի կազմած արձանագրությունն այն մասին, որ նրանք զննել են դեպքի օրվա տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես է Տիգրան Պետրոսյանը ոստիկաններին քաքշում, իսկ որոշ ժամանակ անց՝ հրում Արա Մարտիրոսյանին: Այս նոր մեղադրանքի մեջ նշված է, որ Տիգրան Պետրոսյանը քաշքշել և հարվածել է Արա Մարտիրոսյանին»,-ասաց փաստաբանը՝ նշելով, որ քրեական գործի շրջանակում կատարված առերեսման ժամանակ Արա Մարտիրոսյանն ասել է, որ Տիգան Պետրոսյանը իրեն հրել է և չի հարվածել:
Փաստաբանի կարծիքով՝ ոստիկանությունը փոխել է մեղադրանքը, քանի որ հասկացել է, որ դատարանում այն չի կարող պաշտպանել. «Մտածել են՝ գոնե սրանով կարողանան պայքարել, բայց խորը չեն մտածել, որովհետև այս մեղադրանքն ավելի աբսուրդային է»,-ասաց պաշտպանը:
Նշենք, որ Տիգրան Պետրոսյանին մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի առաջին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը: Այժմ նա մեղադրվում է 258-րդ հոդվածի 3-րդ մասին 1-ին և 2-րդ կետերով:
Փաստաբանը նշեց, որ մեղադրանքի փոփոխությունից հետո ինքը դատարանին միջնորդություն է ներկայացրել, որ փոփոխվի Տիգրան Պետրոսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը: Նրա խոսքով, մեղադրանքի փոփոխությունը վկայում է այն մասին, որ իր պաշտպանյալին պետք է չկալանավորեին, առավել ևս հինգ ամիս կալանքի տակ պահեին, քանի որ չկա հիմնավոր կասկած նրա վերաբերյալ, թե Տիգրանը հարվածել է ոստիկանին:
«Քրեական հետապնդման մարմինը առանց ապացույցների է մեղադրանք առաջադրել: Բացահայտ կամայականություն է: Իմ պաշտպանյալի նկատմամբ քաղաքական հաշվեհարդար է իրականացվում: Նրան կալանքի տակ պահելու որևէ անհրաժեշտություն չկա: Նա, ըստ էության, պետք է քաղբանտարկյալ համարվի»,-ասաց պաշտպանը:
Նա նաև տեղեկացրեց, որ Տիգրանի հայրը հաշմանդամ է, տեղաշարժվել չի կարողանում և խնամքի կարիք ունի:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am



























