Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, թե մինչեւ մայիս հայտնի կլինի նախագահի թեկնածու առաջադրվելու հարցը։

Թուրքական Internethaber կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Քուվեյթ կատարած այցի ժամանակ լրագրողների հարցերին պատասխանելու ընթացքում անդրադարձել է նաեւ առաջիկա նախագահական ընտրություններում թեկնածության առաջադրման մասին։

Գյուլը հայտնել է, թե մինչեւ ապրիլի վերջ կամ մայիսի սկիզբ հայտնի կլինի նախագահի թեկնածության հարցը։ Նա պնդել է, թե այդ մասին պետք է խոսի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ եւ հուսով է, որ Էրդողանի որոշման մասին չի իմանա մամուլից։

«Պարզ ասեմ՝ ես վարչապետի հանդեպ անակնկալ քայլ չեմ անի, ինքն էլ՝ իմ դեմ։ Նմատաիպ հարցերի մասին նստում եւ խոսում ենք»,-ասել է Գյուլը՝ հավելելով, թե ՏԻմ ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո միայն լուրջ կլինի քննարկել դրանք։