Սահմանադրական դատարանի անդամ Ֆելիքս Թոխյանը երկու ձեւով է մեկնաբանել «Կուտակային կենսաթոշակի մասին» ՀՀ օրենքի վիճարկվող դրույթները հակասահմանադրական ճանաչող ՍԴ որոշումը: Այս մասին այսօր ` ապրիլի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Հայկ Ավետիսյանը:
«Երկու տարբեր հեռուստալիքներով Ֆելիքս Թոխյանն իրարամերժ կարծիք հայտնեց: Այնպես որ հորդորում եմ հասարակությանը իշխանության ներկայացուցիչների ասածները հիմք չընդունել, որովհետեւ նույն դատավոր Թոխյանը տարբեր բաներ ասաց»,- ասաց Հայկ Ավետիսյանը:
Նշենք, որ Շանթ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Թոխյանը նշել էր, որ կուտակային կենսաթոշակների մասին նոր օրենքը գործելու է մինչեւ սեպտեմբերի 30-ը:
Մինչդեռ «Արմնյուզ» հեռուստաընկերությամբ, պատասխանելով լրագրողի հարցին, թե այս պահին ոչ մեկը չի՞ կարող 5%-ը պահել, որովհետեւ արդեն իսկ այդ վճարը համարվում է հակասահմանադրական, նույն Թոխյանը հստակ հայտարարել է. «Այո, միանշանակ, քանի որ հակասահմանադրական ճանաչված նորմը չպետք է կիրառվի, անկախ նրանից, թե մենք ասել ենք՝ սեպտեմբերից ուժի է մեջ է մտնում»:
Հիշեցնենք, որ ՍԴ-ն մինչեւ սեպտեմբերի 30-ը ժամանակ է տվել խորհրդարանին եւ կառավարությանը՝ վիճահարույց օրենքի հակասահմանադրական ճանաչված դրույթները փոփոխության ենթարկելու համար: Մինչեւ այդ կատարված պարտադիր կենսաթոշակային բոլոր վճարումները պետք է վերանայվեն: Որոշումն ուժի մեջ է մտել հրապարակման պահից:



























