«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը պայքարը շարունակելու է` կիրառելով քաղաքական անհնազանդության ամբողջ զինանոցը: Այս մասին այսօր` ապրիլի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Հարություն Աղլամազյանը` պատասխանելով այն հարցին, թե ինչ են պատրաստվում առաջիկայում անել:

«Մենք շարունակում ենք պայքարը, օգտագործելու ենք անհնազանդության ամբողջ զինանոցը»,- ասաց Հարությունը:

Նախաձեռնության մյուս անդամ Վահագն Ավագյանն էլ ավելացրեց, որ ամեն ինչ լինելու է օրենքի շրջանակում: Քաղաքացիական նախաձեռնությունը շարունակելու է համագործակցել խորհրդարանական չորս ոչ կոալիցիոն ուժերի հետ:

«Մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր այն ուժերի հետ, ովքեր մեզ հետ դեմ են հակասոցիալական այս օրենքի դեմ: Ինչ վերաբերվում է վարչապետի հրավիրած երկխոսությանը, ապա մենք պատրաստ ենք երկխոսությանը, եթե բավարարվի մեր պահանջը, եթե մեր պահանջը բավարարվի, մենք կգնանք երկխոսության»,- ասաց Հարությունը:

Վահագն Ավագյանն էլ ընդգծեց, որ իրենք «ոչ գործադիր ենք, ոչ օրենսդիր եւ չեն պատրաստվում նրանց աշխատանքն անել»:

«Դեմ եմ» նախաձեռնությունն ապրիլի 12-ին հավաք է կազմակերպում, որի ժամն ու տեղը դեռ հստակ չէ:

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանն ապրիլի 2-ին կուտակային կենսաթոշակների մասին նոր օրենքի դրույթները հակասահմանադրական են ճանաչել: ՍԴ-ն մինչեւ սեպտեմբերի 30-ը ժամանակ է տվել խորհրդարանին եւ կառավարությանը՝ վիճահարույց օրենքի հակասահմանադրական ճանաչված դրույթները փոփոխության ենթարկելու համար: Մինչեւ այդ կատարված պարտադիր կենսաթոշակային բոլոր վճարումները պետք է վերանայվեն: Որոշումն ուժի մեջ է մտել հրապարակման պահից: