Վերջին օրերի ցրտահարության վնասը մեղմելու նպատակով օժանդակություն կտրամադրվի: Այս մասին, այսօր՝ ապրիլի 3-ին, կառավարության նիստում հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Շուրջ 11500 հա-ի վրա մենք արձանագրել ենք վնասներ, եւ այսօր մարզպետները, գյուղնախարարը մանրակրկիտ ուսումնասիրում են ըստ տնտեսությունների, փորձում են գնահատել վնասի ծավալները, որպեսզի օգնությունը եւ օժանդակությունը լինի առարկայական: Դեռեւս ժամանակ ունենք գյուղատնտեսական տարվա ընթացքում շտկելու այն վնասները, որ եղանակային պայմանները հասցրել են, եւ մենք օգնելու ենք գյուղացիներին, որպեսզի նրանք ստանան լրացուցիչ տարբեր տեսակի սերմեր, պարարտանյութ, որպեսզի այս տարին այդ տնտեսությունների համար կորցրած տարի չլինի: Մենք նաեւ դիմել ենք Կենտրոնական բանկին` խնդրելով, որպեսզի ֆինանսական խնդիրները քննարկվեն»,-հայտարարել է վարչապետը:

Իր հերթին, կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն այս խնդրին անդրադառնալով նշել է. «Արդեն իսկ տեղերում որոշակի ուսումնասիրություններ արել ենք, տարբեր գյուղերում հարցումներ ենք կատարել: Բացի այդ, աշխատանք է տարվում բանկերի եւ վարկային կազմակերպությունների հետ: Մի քանի օրից ամբողջական պատկերը Ձեզ կներկայացնեմ: Կարող եմ ասել, խոսքը մոտավորապես 6 մլրդ դրամի վարկային ներդրումների մասին է»:

Տիգրան Սարգսյանն էլ հավելել է. «Անցած տարի մենք Արմավիրի մարզում գյուղացիական տնտեսություններին օգնեցինք վարկային միջոցներով, վերաձեւակերպումներով, այս տարի նույն գործիքը կօգտագործենք եւ պետական բյուջեն կաջակցի: Մենք կօգնենք գյուղացիական տնտեսություններին ֆինանսական խնդիրները հաղթահարելու հարցում, որպեսզի նրանք կարողանան եւ գարնանացանը, եւ աշնանացանը իրականացնեն: Երկու օրվա ընթացքում մենք հստակ պատկերացում կունենանք ծավալների մասին, դրանից հետո կհայտարարենք մեր օգնության մասին, արդեն առարկայական` ըստ իրողությունների, եւ ըստ գումարի չափի»: