Հայաստանի կառավարությունն այս տարի եւս մատչելի վարկեր կտրամադրի գյուղատնտեսության ոլորտին: Այս մասին, այսօր՝ ապրիլի 3-ին, կառավարության նիստում հայտարարել է երկրի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Կառավարության նիստում նշվել է, որ 2011-2013թթ. տրամադրվել է 54.7 մլրդ դրամ ընդհանուր գումարով մատչելի (14 տոկոսով) վարկ, որի 4 տոկոսային կետը սուբսիդավորվել է, իսկ առավել անբարենպաստ 225 համայնքի համար՝ 6 տոկոսային կետը: 2013թ. երկու փուլով տրամադրվել է շուրջ 22.5 մլրդ դրամի վարկային միջոց: 2011թ. ի վեր վարկառուների թիվը եղել է 83.7 հազար միավոր: Այսօրվա նիստում նախկին որոշման փոփոխությամբ տոկոսադրույքի սուբսիդավորմամբ վարկերի տրամադրման ժամկետը 2014թ. համար սահմանվել է ապրիլի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը:

Դիմելով հարցը ներկայացնող ՀՀ գյուղատնտեսության նախարարին, վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է. «Պետք է շատ ակտիվ մենք այս ծրագրերը ներկայացնենք: Ուղղակի տեղեկատվական դաշտում ես նկատում եմ, որ մարդիկ երկու կոպեկ փող են ծախսում գյուղացիներին օգնելու համար, բայց 200 մլն ծախսում են իրենց փիառի համար: Լավ, իրենց փիառն անում են, թող անեն, բայց կառավարությանն ինչի՞ են վարկաբեկում, որ կառավարությունն, իբր, ոչ մի օգնություն ցույց չի տալիս գյուղացիներին: Սա ի՞նչ խայտառակություն է: Դրա համար մենք պետք է ակտիվ լինենք, այս ծրագրերը ներկայացնենք, կոնկրետ այն տնտեսությունները ներկայացնենք, որոնք այս օժանդակությունն ստանում են: Ակնհայտ է, չէ՞, որ մենք 100-ապատիկ ավելի շատ ենք տալիս, քան չակերտավոր այդ «բարեգործները», որ գիշեր-ցերեկ միայն իրենց փիառի մասին են մտածում: Խնդրում եմ ակտիվ լինեք լուսաբանման գործում»:

ՀՀ կառավարությունն հաստատել է ՀՀ գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունների դեմ պատվաստման եւ ախտորոշիչ հետազոտությունների ծրագիրը: Այն մշակվում եւ հաստատվում է ամեն տարի եւ նպատակ ունի երկրում պահպանել հակահամաճարակային կայուն վիճակը, միջոցներ ձեռնարկել բրուցելոզ, տուբերկուլոզ, սիբիրախտ, դաբաղ եւ մի շարք այլ հիվանդությունների դեմ: Ըստ ծրագրի այս տարի եւս անհրաժեշտ չափաքանակներով ձեռք կբերվեն անասնաբուժական պատվաստանյութեր, ախտորոշիչ միջոցներ եւ ախտահանիչներ, կիրականացվեն հակահամաճարակային կանխարգելիչ միջոցառումներ: Ծրագրի բյուջեն հաշվարկվել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան անցկացված մրցույթների արդյունքում ՀՀ գյուղատնտեսության նախարարության եւ կապալառու ընկերության միջեւ կնքված պայմանագրերի հիման վրա:

Նիստում հաստատվել է նաեւ կարտոֆիլի ցեց եւ լոլիկի ականող ցեց վնասատուների մոնիթորինգի իրականացման նպատակով պետական աջակցության ծրագիրը, որի համաձայն Արարատի եւ Արմավիրի մարզերում ֆերոմոնային թակարդների օգնությամբ կճշտվեն նշված վնասատուների արեալները, դրանց դեմ քիմիական պայքարի միջոցառումների իրականացման ժամկետները: