Կրասնոդարի երկրամասային դատարանը կայացրել է երեք անձանց դատավճիռը, որոնք մեղադրվում են նովոռոսիյսկցի քրեական հեղինակության դեմ մահափորձի համար: Վերջինիս սպանությունը պատվիրել էին «օրենքով գող» Արմեն Հարությունյանի մահվան վրեժը լուծելու համար:

Ամբաստանյալի աթոռին են հայտնվել Ռոստովի բնակիչներ Արտակ Գալոյանը եւ Սահակ Սահակյանը, որոնց արդյունքում մեղավոր են ճանաչվել: Նրանց հետ դատել են նաեւ Հայաստանի քաղաքացի Մխիթար Խեչումյանին, որին մեղադրել են մահափորձին օժանդակելու համար, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

 «Հետաքննությունը եւ դատարանը պարզել են, որ 2008-ի հոկտեմբերից 2009-ի հունվար ընկած ժամանակահատվածում քրեական շրջանակներում «օրենքով գողի»  կարգավիճակ ունեցող Արմեն Հարությունյանի եւ Նովոռոսիյսկի նրա ծանոթ քրեական հեղինակություն համարվող  բնակչի միջեւ վեճ է ծագել», - դեպքերի քրոնիկոնն են ներկայացնում Կուբանի քննչական կոմիտեում:

Հաղորդվում է, որ կռվի պատճառը միանգամայն ճղճիմ է. քրեական հեղինակությունները չեն կիսել գործարարներից մեկի փողերը:  «Հակասությունները խորացել են, եւ շուտով նովոռոսիյսկցի քրեական հեղինակությունը Արմեն Հարությունյանին հանդիպում է նշանակել, իսկ քրեական շրջանակներում դա ընդունված չէ», - նշում են քննիչները:

«Արմեն Հարությունյանը որոշել է առողջական ծանր հարված հասցնել հակառակորդին:

«Օրենքով գողի» մտադրությունն իրագոծրվել է 2009-ի փետրվարի  1-ին՝ Նովոռոսիյսկի սրճարաններից մեկում, որտեղ ծեծի են ենթարկել Հարությունյանի հակառակորդին եւ  նրա ծանոթին, որն արդյունքում մահացել է», - շարունակում են քննիչները:

Շուտով Հարությունյանին քրեական պատասխանատվության են ենթարկել, դատապարտել 11 տարվա ազատազրկման: Գաղութում նա հիվանդացել է եւ մի քանի ամիս անց մահացել:

Արմենի համախոհներն արագ գտել են մեղավորներին: Նրանք կարծում են, որ իրենց հարազատին կորցրել են հենց այդ քրեական հեղինակության պատճառով: Այդ  ժամանակ մահացածի հարազատ եղբայր Արտեմ Հարությունովը որոշել է պատժել մեղավորին:

 «Նա Մխիթար Խեչումյանին եւ Արթուր Բարսեղյանին առաջարկել է սպանել Նովոռոսիյսկի բնակիչ ՀՀ քաղաքացուն՝ Երեւանում երկու բնակարանի դիմաց: Հետագայում Հարությունովը հանցագործության կատարմանը  ներգրավել է նաեւ  Ռոստովի մարզի բնակիչ Սահակ Սահակյանին, որը կյանքի վերջին տարիներին խնամում էր Արմեն Հարությունյանին:  Վերջինս էլ ներգրավել է Արտակ Գալոյանին եւ եւս մեկ մարդու, որի ինքնությունը ճշտվում է: Արտեմը նրանց խոստացել էր 10 հազար դոլար», - նշում են քննչական կոմիտեում:

Հանցախմբի անդամները գնել են երկու ատրճանակ եւ ծանոթներից մեկից վերցրել «Տոյոտա Ավենսիս» մեքենա: Տղամարդիկ սկսել են հետեւել տուժողի տեղաշարժերին, ինչպես նաեւ մշակել են իրենց գործողությունների ծրագիրը:

2011թ. սեպտեմբերի 5-ի առավոտյան Խեչումյանն ու Բարսեղյանը մոտեցել են տուժածի տանը եւ սպասել նրան: Երբ Նովոռոսիյսկի բնակիչը դուրս է եկել շքամուտքից, Խեչումյանը վազել էր նրա մոտ եւ 10 սմ հեռավորությունից կրակել տղամարդու գլխին՝ գազային ատրճանակից:

«Կրակոցի հետեւանքով տղամարդը միջին ծանրության վերք է ստացել: Փամփուշտը հետ է մղվել տղամարդու գլխում տեղադրված տիտանի շերտից: Սակայն չարագործը մտածել է, որ գլխի վերքից տուժածը, միեւնույն է, մահանալու է,  եւ փորձել է փախչել հանցագործության ականատեսների հետապնդումներից: Տուժածի հարազատն իր մեքենայով հասել է Խեչումյանի հետեւից եւ բռնել», - պատմել են քննչական կոմիտեում:

Գալոյանը եւ Սահակյանը երկար ժամանակ թաքնվել են Ուկրաինայում, սակայն այստեղ նրանց բռնել են իրավապահները եւ վերադարձրել Կրասնոդարի երկրամաս: Հարությունովն ու Բարսեղյանն էլ թաքնվել են Հայաստանում: Մինչ այժմ չի հաջողվել բռնել նրանց: Այժմ նրանց նկատմամբ հետախուզում է հայտարարված: Խմբի եւս մեկ մասնակցի ինքնությունը ճշտվում է:

Կրասնոդարի դատարանը ամբաստանյալներին մեղավոր է ճանաչել եւ Խեչումյանին դատապարտել 12 տարվա ազատազրկման: Գալոյանն ստացել է 11 տարի, Սահակյանը՝ 7 տարի: Հանցագործներն իրենց պատիժը կրելու են խիստ ռեժիմի գաղութում: