Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 13-րդ դատարանը լրատվամիջոցներին է բաժանել սկանդալային «Էրգենեկոնի» դատավարության իրավական հիմնավորումը, որը կազմված է 16 հազար 600 էջից։

Թուրքական Internethaber կայքի փոխանցմամբ՝ «Էրգենեկոնի» իրավական հիմնավորման նախաբանում նշվել է, որ դատավարության վերջում ապացուցվել է, որ «Էրգենեկոնը» զինված ահաբեկչական խմբավորում է, որում գործունեություն են ծավալել նաեւ Թուրքիայի զինված ուժերում ծառայող զինվորականներ։

Նախաբանում  ասվում է, թե  2008-ի հոկտեմբերի 20-ին սկսած եւ 2013-ի օգոստոսի 5-ին ավարտված դատավարության ընթացքում ապացուցվել է, որ «Էրգենեկոնի» թիրախում են եղել Էջեւիթի, Գյուլի եւ Էրդողանի կազմած կառավարությունները, ինչպես նաեւ նշվել, որ Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ դատավճիռ է կայացվում «խորքային պետության» դեմ։

Հիշեցնենք, որ  «Էրգենեկոն» ենթադրյալ ահաբեկչական գաղտնի կառույց է, որի նպատակներից է եղել Թուրքիայում քաոս ստեղծելու միջոցով հեղաշրջում իրականացնել:  «Էրգենեկոնի» ծրագրերի մեջ է եղել  Պոլսո Հայոց պատրիարքի, Սեբաստիայի հայ համայնքի ղեկավարի սպանությունները կազմակերպելը:

Վերջին օրերին ազատ են արձակվել «Էրգենեկոնի» գործով երկարաժամկետ պատժի դատապարտվածներ, որոնց մեջ են խիստ հակահայ գործիչներ Դողու Փերինչեքը, Իբրահիմ Շահինը եւ Վելի Քյուչուքը։