ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում հավանություն է տվել «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքում լրացումներ կատարելու օրենքի նախագծին: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Կառավարությունից:

Այժմ գործում է ՔԿԱԳ թղթային համակարգ, կիրառվում թղթային գրանցամատյան, փաստաթղթերը եւ դիմումները պատրաստվում են ձեռագիր: Եվրամիության աջակցությամբ մշակվել եւ փորձարկվել է ծրագրային ապահովում եւ էլեկտրոնային գրանցման նոր համակարգ, որն արդեն գործում է Երեւան քաղաքի ՔԿԱԳ մարմիններում եւ Գյումրիում: Նշված համակարգը ՀՀ ամբողջ տարածքում նախատեսվում է ավարտել 2014թ. մայիս-հունիսին:Սակայն գործող օրենսդրության մեջ չկա որեւէ դրույթ, որը նախատեսի էլեկտրոնային գրանցամատյանների ստեղծում եւ համակարգի կիրառման պարտավորություն: Այս հասկացություններն օրենսդրություն ներմուծելու նպատակ ունեն առաջարկվող լրացումները, որոնք հնարավորություն կտան հստակեցնել ՔԿԱԳ համակարգը եւ ներդնել էլեկտրոնային գրանցման համակարգ:

Առաջարկվում է ընդունվելու դեպքում օրենքն ուժի մեջ մտցնել 2014թ. օգոստոսի 3-ին: Մինչեւ 2018թ. հունվարի 1-ը էլեկտրոնային համակարգով փաստաթղթեր պատրաստելու տեխնիկական անհնարինության դեպքում ՔԿԱԳ մարմինը կատարում է թղթային գրանցում՝ այն էլեկտրոնային կառավարման համակարգ մուտքագրելով ոչ ուշ, քան մեկ շաբաթվա ընթացքում:

Կառավարությունն իր նիստում հաստատել է ՀՀ առողջապահության նախարարության եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջեւ կնքված «Աջակցություն շտապ բուժօգնության ծառայություններին» դրամաշնորհային ծրագրի 2014թ. բյուջեն: Որոշման ընդունման կապակցությամբ ՀՀ 2014թ. պետբյուջեի եկամտային մասը կավելանա շուրջ 62 մլն, ծախսային մասը՝ ավելի քան 100 մլն դրամով: