Հանրային խորհուրդը մշակել է «Հանրային խորհրդի մասին» ՀՀ օրենքի նախագիծը եւ առաջարկում է իրենց կառույցի մասին հիշատակել Սահմանադրության մեջ:
«Հանրային խորհուրդը պետք է նախատեսվի ՀՀ Սահմանադրության մեջ (օրինակ` ինչպես դա արված է Ֆրանսիայում): Դրա անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածով: ՀՀ Սահմանադրության մեջ ամրագրումից հետո միայն նպատակահարմար կլինի ընդունել «ՀՀ Հանրային խորհրդի մասին» լիարժեք օրենք»,-նշվել է ապրիլի 2-ին կայացած Հանրային խորհրդի նիստում:
Քանի որ մոտ ժամանակներում նախատեսվում է ընդունել ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ, Հանրային խորհուրդը գտնում է, որ անհրաժեշտ է քննարկել Հանրային խորհրդի հիշատակումը վերը նշված փոփոխությունների մեջ ներառելու հարցը, հաշվի առնելով, որ հասարակության ակտիվությունը տեղափոխվում է քաղաքական դաշտից հանրային դաշտ: Իսկ մինչ այդ պահպանել գործող Հանրային խորհուրդը, գործող ՀԽ կանոնադրության մեջ ամրագրել որոշ դրույթներ, որոնք նախատեսվում են նաև քննարկվող օրենքի նախագծում:



























