«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը, որը պայքարում է Հայաստանում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման դեմ, ներկայումս չի ցանկանում բացահայտել իր հետագա քայլերը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է շարժման անդամ Հայկ Ավետիսյանը՝ անդրադառնալով Կառավարության ու ՍԴ կողմից «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի ճակատագրի ոչ միանշանակ մեկնաբանությանը:
Ըստ նրա՝ իշխանության բոլոր ամենաբարձր ատյանները կարող են կանգնել ու սեփական հայեցողությամբ մեկնաբանել ՍԴ որոշումը՝ կապված կենսաթոշակային բարեփոխման հետ: Այդ պատճառով էլ, ըստ նրա, չարժի ներկայումս իրավաբանական տեսանկյունից մեկնաբանել արդարադատության նախարարի կամ վարչապետի հայտարարությունները: Նա նկատել է, որ ՍԴ-ն երկու հայտարարություն է արել, մի կողմից՝ վճարումները պարտադիր են, մյուս կողմից՝ ոչ: Այդ կերպ նրանք հակասում են միմյանց:
Հիշեցնենք, որ ՍԴ-ն ապրիլի երկուսին հակասահմանադրական էր ճանաչել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք դրույթներ:



























