Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչները մեկ շաբաթ առաջ հանդիպել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ Արթուր Կարապետյանի հետ, որը նրանց ասել է, թե Հյուսիսային պողոտայի նախկին 94 բնակչի ցուցակ ունեն, պետք է յուրաքանչյուրին հարցում անեն, տեսնեն՝ ով ինչ պահանջ ունի, որպեսզի կարողանան ըստ այդմ փոխհատուցում իրականացնել:

«Մենք ասում ենք, որ 94 հոգի չենք տեսել, մեր ցուցակը 20-24 հոգի է, էդ որտեղից եկան էդ 94  հոգին, ասում ա՝ պիտի իրանց հարցում  անենք, որպեսզի այդ հարցումով նրանք ասեն՝ պահանջ ունեն, թե ոչ»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչ Գոհար Ասատրյանը:

Վրդովված բնակիչները բողոքեցին, որ արդեն 10 տարի է, ամեն հինգշաբթի  գալիս են Կառավարության մոտ, գոռում են «վարչապետ», պահանջում, որ նա դուրս գա, սակայն ոչ մի անգամ դուրս չի եկել:

«Ո՞ւմ դիմենք, դատարանն էլ է իրանցը։ Դատարան տանք, երեք ատյանով անցնե՞նք. սաղ իրանցն ա»,- ասաց Գոհար Ասատրյանը։

Բնակիչների խոսքով 10 տարի առաջ Երեւանի կենտրոնում ցեղասպանություն է իրականացվել. «1915թ. Ցեղասպանությունից են խոսում, ճիշտ ա, շատ ցավալի բան ա, բայց փաստորեն Զախարյանը եւ Քոչարյանը ցեղասպանություն արեցին: Երբ  որ մենք հարցրեցինք, ասեցին, որ տեղում օբյեկտ ենք սարքելու, բայց խաբեցին, սարքել են էլիտար շենքեր, ու կռիսները ման են գալիս, սրանք մարդ չեն, սրանք թալանչիներ են, նստել են ստեղ, թալանում են ժողովրդին»:

Նշենք, որ արդեն 10 տարի է՝ Հյուսիսային պողոտայի բնակիչներն ապարդյուն  պայքարում են իրենց խախտված իրավունքները վերականգնելու համար։ Նրանց նախկին տները քանդել են՝ տարածքը ճանաչելով գերակա հանրային շահ, բայց մինչեւ այժմ նրանցից շատերը չունեն բնակարաններ, քանի որ մաս-մաս փոխհատուցված անհամարժեք գումարներով չեն կարողացել ձեռք բերել բնակարաններ։