«Բարգավաճ Հայաստանին» ընդհանրապես չի հետաքրքրում՝ ինչ է ասում երկրի վարչապետը, քանի որ նա դատական բարձր ատյան չէ, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանը, թե «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի պարտադիր բաղադրիչը գործելու է մինչեւ սեպտեմբերի 30-ը:
Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ ՍԴ-ն որքան հնարավոր է արագ պետք է հստակ մեկնաբանի սեփական 64 էջանոց ձեռագիրը, որպեսզի շարքային քաղաքացին կարողանա հասկանալ, թե ինչպես հակասահմանադրական ճանաչված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը կարող է ուժի մեջ մնալ: «Միայն Գագիկ Հարությունյանի գրասենյակն է ի զորու որոշում հրապարակել, որի շուրջ երկրի իրավաբանական ողջ ներուժը երեկվանից գլուխ է կոտրում եւ չի կարողանում հասկանալ, թե, վերջապես, ինչպես կարող են ուժի մեջ մնալ հակասահմանադրական դրույթները», - ընդգծել է Նաիրա Զոհրաբյանը: Ըստ նրա՝ ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը հեռուստաալիքներից մեկի եթերում ՍԴ-ի կողմից վճիռը հրապարակելուց հետո հայտարարել էր, որ օրենքը հակասահմանադրական է ճանաչվել, իսկ մեկ այլ հեռուստաալիքի եթերում այլ հայտարարություն էր արել, եւ առաջին թողարկումը բավականին տարօրինակ կերպով անհետացել էր տվյալ հեռուստաալիքի լրատվական բլոկից:
Նշենք, որ ապրիլի 2-ին Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց «Կուտակային կենսաթոշակի մասին» ՀՀ օրենքի վիճարկվող դրույթները: Մինչեւ սեպտեմբերի 30-ը ՍԴ-ն ժամանակ է տվել խորհրդարանին եւ կառավարությանը՝ վիճահարույց օրենքի հակասահմանադրական ճանաչված դրույթները փոփոխության ենթարկելու համար: Սա իշխանություններին հնարավորություն տվեց պնդելու, որ սկանդալային օրենքի բոլոր դրույթները կգործեն կես տարվա ընթացքում, եւ ամբողջ այդ ընթացքում քաղաքացիները ստիպված կլինեն հատկացումներ անել:



























