Ցմահ դատապարտյալ, արցախյան ազատամարտի մասնակից Սողոմոն Քոչարյանը շարունակում է գտնվել ծանր հոգեբանական վիճակում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՔԿՀ լրատվական ծառայությունից:
Ցմահ դատապարտյալը գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, առողջական վիճակը նորմալ է, բայց ամեն օր նրան այցելում են բժիշկներն ու սոցիալ-հոգեբանները: «Սոցիալ-հոգեբանները շարունակում են աշխատանքները, բժիշկները եւս հսկում են նրա առողզջական վիճակը»,- հայտնեցին ՔԿՀ լրատվական ծառայությունից:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մարտի 1-ին 19-ամյա Ս. Քոչարյանը ինքնասպանություն է գործել՝ նետվելով «Թանգուբ ձորը»: Նրա հայրը՝ Սողոմոն Քոչարյանը, Ւրանի Իսլամական Հանրապետության քաղաքացուն սպանելու համար դատապարտվել էր մահապատժի, սակայն հետո պատիժը փոխարինվեց ցմահ դատապարտմամբ: Նա 2-րդ կարգի հաշմանդամ է, ՀՀ սահմանների պաշտպանության եւ ԼՂՀ ազատագրական պայքարի ակտիվ մասնակից: Սողոմոն Քոչարյանը ազատազրկման ընթացքում դատապարտվել է մի քանի անգամ ՔԿՀ-ից փախչելու, առողջությանը դիտավորությամբ թեթեւ վնաս պատճառելու մեղադրանքով: Ի դեպ, Սողոմոն Քոչարյանին չեն թույլատրել մասնակցել դստեր հոգեհանգստին, քանի որ «առանձնապես ծանր հանցագործություն կատարած դատապարտյալին կարճաժամկետ մեկնումն արգելվում է»:



























