Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի բնակիչ, 20-ամյա Գեղամ Թ.-ն մեղադրվում է Նալբանդյան գյուղի բնակիչ Կարեն Գ.-ին դանակահարելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Դեպքը տեղի է ունեցել անցած տարվա հոկտեմբերի 12-ին ժամը 20:30-ի սահմաններում Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի մոտ: Նախորդ օրը նույն գյուղի բնակիչ Վարդան Ե.-ի եւ իր ընկեր Էջմիածին քաղաքի բնակիչ Արմեն Հ.-ի միջեւ ծագած վիճաբանության հարցը պարզաբանելու համար Գեղամը վիճել է Վարդանի եւ նրա համագյուղացի ընկեր Կարենի հետ: Վիճաբանության ընթացքում Գեղամն իր մոտ եղած դանակով դիտավորությամբ հարվածել է Կարենին՝ առողջությանը պատճառելով ծանր վնաս:
Գեղամ Թ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որը նախատեսում է ազատազրկում 3-7 տարի ժամկետով: Գեղամը կալանավորված է:
Գործը քննվում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Այն ընդունվել է վարույթ, սակայն դատական նիստի օրը դեռ նշանակված չէ:



























