Աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ապրիլի 2-ին հանդիպումներ է ունեցել Գերմանիայի օրենսդիր մարմնի՝ Բունդեսթագի մի շարք պատգամավորների, այդ թվում՝ քրիստոնյա-դեմոկրատ Մայք Բերմանի եւ սոցիալ-դեմոկրատ Շտեֆեն-Կլաուդիո Լեմմեի հետ եւ ներկայացրել ԼՂՀ-ում պետականաշինության գործընթացի առանձնահատկությունները։

ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից հայտնում են, որ շեշտվել է միջազգային գործընթացներին Արցախի ներգրավման կարեւորությունը, ինչը լուրջ հիմք կարող է հանդիսանալ ժողովրդավարական արժեքների եւ ազատությունների ամրապնդման գործում: Քննարկվեցին նաեւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն առնչվող եւ տարածաշրջանային բնույթի մի շարք հարցեր:

Բունդեսթագում կայացած հանդիպումներին ԼՂՀ պատվիրակությանն ուղեկցում էր Բեռլինի Ազատ համալսարանի դոկտորանտ, ծագումով արցախցի Անդրանիկ Ասլանյանը:

Նույն օրը երեկոյան Բեռլինի Լիխտեմբերգ թաղամասի եկեղեցուն կից գործող սրահում տեղի է ունեցել Արցախի խորհրդարանի նախագահի հանդիպումը ԳԴՀ մայրաքաղաքի հայկական համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Դիմելով ներկաներին, Աշոտ Ղուլյանն արցախցիների անունից շնորհակալություն է հայտնել գերմանահայ համայնքին՝ ԼՂՀ-ին ցուցաբերվող մշտական օգնության եւ աջակցության համար եւ պատմեց վերջին տարիներին Արցախի քաղաքական, տնտեսական եւ սոցիալական ոլորտներում իրականացված բարեփոխումների, արձանագրված հաջողությունների մասին:

Հանդիպման ավարտին, ի նշան երախտագիտության, Բեռլինի հայկական եկեղեցական եւ մշակութային համայնքը, Բեռլինի հայ համայնքը եւ Հայ ու եվրոպացի մասնագետների ասոցիացիան ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահի կողմից պարգեւատրվեցին Արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 25-ամյակի հուշամեդալով: