Հայաստանի հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է ՊԵԿ-ի նախկին աշխատակից Արտակ Ղուկասյանի կողմից խարդախության եւ յուրացման եղանակներով առանձնապես խոշոր չափերի հասնող գույքի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ` ՀՀ ՔՕ 178-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը:

ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2009-2012թթ. Ա. Ղուկասյանը խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով 28 քաղաքացուց հափշտակել է առանձնապես խոշոր չափերի` 1 մլրդ 761 մլն 781 հազար 986 ՀՀ դրամ, յուրացման եղանակով` 9 քաղաքացուց հափշտակել է խոշոր չափերի` 1 մլն 372 հազար ՀՀ դրամ: Բացի այդ, Ա. Ղուկասյանը օգտագործել է իրավունք վերապահող պաշտոնական կեղծ փաստաթղթեր:

Հիշեցնենք, որ Ա. Ղուկասյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի եւ 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Մինչդատական վարույթում Արտակ Ղուկասյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր կալանավորումը:

Նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար: