Օֆշորային սկանդալում ներգրավված, գործարար Աշոտ Սուքիասյանը հնարավոր է Հայաստանում լինի մինչեւ ապրիլի վերջ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց սնանկացման եզրին կանգնած Փայլակ Հայրապետյանը:
Նա նշեց, որ Հայաստանի գլխավոր դատախազի կողմից հայտարարված էքստրադիցիայի համար պահանջվող 90 օրից այժմ մնացել է ընդամենը 25-26 օր: Փայլակ Հայրապետյանը հույս ունի, որ մինչեւ ապրիլի վերջ Աշոտ Սուքիասյանը կլինի Հայաստանում: Նրա հայտնաբերումից հետո իրեն չեն կանչել քննչական ծառայություն՝ հարցաքննության կամ որեւէ այլ քննչական գործողության, սպասում են էքստրադիցիայի:
«Նստել ենք թախտին, սպասում ենք բախտին: Աշոտը այնքան վախկոտ, խուլիգանի մեկն է, չգիտեմ էլ Հայաստան բերելուց հետո որ պաշտոնյանների անունները կտա: Դու էն հարցրու, թե ոնց է էդ վախկոտ խուլիգանը քեզ խաբել: Ինձ ինքը չի խաբել, ինձ խաբել է պետությունը, ինձ խաբել է էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, նրա տեղակալը, այսինքն՝ վստահել եմ, չեն խաբել, մտածել եմ, թե պետության, մինիստրի հետ գործ ունեմ, ի՞նչ իմանամ որ սաղ խուլիգանները վերեւն են, խելոքները՝ ներքեւ: Չէի պատկերացնում, որ մեր վերեւը սաղ կեղտ է»,- ասաց Փայլակ Հայրապետյանը:
Հիշեցնենք, որ Քննչական գլխավոր վարչության հատուկ կարեւորագույն գործերով քննության վարչությունում որոշում է կայացվել Աշոտ Սուքիասյանին մեղադրանք առաջադրել առանձնապես խոշոր չափերով խարդախության (ՀՀ Քր.օր. 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ), խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու (184-րդ հոդ. 2-րդ մասի 1-ին կետ) եւ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու (190-րդ հոդ. 3-րդ մասի 1-ին կետ) համար: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, հայտարարվել է հետախուզում: Նա հայտնաբերվել է հունվարի վերջին Թբիլիսիում:
Ավելի վաղ հետախուզման մեջ գտնվող Աշոտ Սուքիասյանը նամակ է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, իսկ պատճենը՝ «Հետքին»: Հինգ էջանոց նամակն Աշոտ Սուքիասյանն ավարտում է այսպես. «Ուզում եմ անդրադառնալ օֆշորային կազմակերպությանը` WLISPERA HOLDINGS LIMITED-ին: Նախ ասեմ, որ այս կազմակերպության հիմնադիրը ես եմ եւ ես եմ բաժնեմասեր գրել Տ. Սարգսյանի եւ Ն. Կճոյանի անուններով` առանց նրանց գիտության եւ առանց նրանց համաձայնության: Դա արել եմ, որպեսզի իմ բիզնեսը զերծ պահեմ տարբեր ոտնձգություններից: Չեմ գիտակցել, որ այն կարող է հետեւանքներ ունենալ»:



























