Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի դեմ հարուցված քաղաքացիական գործով դատական նիստը նշանակված է ապրիլի 14-ին Արարատի եւ Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանում: Այս մասին NEWS.am-ին ասաց փաստաբան Գեւորգ Դավթյանը, ում պաշտպան Արարատի մարզի Հնաբերդ գյուղի դպրոցի նախկին տնօրեն Անժելա Մեջլումյանը դիմել է դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել երկու նկատողությունները, վերականգնել դպրոցի տնօրենի պաշտոնը եւ հատուցել հարկադիր պարապուրդի համար:
Գործը վարույթ ընդունվել էր դեռ մեկ ամիս առաջ, սակայն դատական նիստի օրը երկար ժամանակ չէր նշանակվում:
Անժելա Մեջլումյանն դատի է տալիս Արարատի մարզպետին, քանի որ համոզված է, որ հենց մարզպետն է անօրինական որոշում կայացրել՝ աշխատանքից աազատելով անհիմն նկատողության համար: Նշենք, որ Անժելա Մեջլումյանին հեռացրել են անցած տարվա դեկտեմբերի վերջին երկու խիստ նկատողության հիման վրա: Առաջինը ստացել էր աշնանը, երբ դպրոցի բակում 3 հատ ծառ էր կտրվել, իսկ մյուսը՝ դեկտեմբերի վերջին ծնողներից 500-ական դրամ հավաքելու համար: Նախկին տնօրենը պնդում է, որ ինքն այս ամենի հետ կապ չունի:



























