Ոչ կոլաիցիոն խորհրդարանական քառյակը ՍԴ որոշման վերաբերյալ համապատասխան քաղաքական հայտարարությամբ հանդես կգա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը:
Ըստ պատգամավորի՝ իրականում այդ գործընթացում միակ լուսավոր կետը այն է, որ բոլոր կողմերի առաջ խնդիր է դրված բանակցությունների սեղանի շուրջ նստել ու գտնել որոշում, որը ընդունելի կլինի Հայաստանի ամբողջ բնակչության համար: «Այսինքն՝ այնպես չի լինի, որ բնակչության 80 տոկոսը դժգոհ լինի կենսաթոշակային բարեփոխումից, 20 տոկոսը՝ գոհ: Որոշում կկայացվի, որը ընդունելի կլինի բոլորի համար»,-ընդգծել է Պողոսյանը:
Նշենք, որ Հայաստանի Սահմանադրական դատարանն ապրիլի 2-ին, Սահմանադրությանը հակասող եւ անվավեր է ճանաչել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի մի ամբողջ շարք հոդվածներ, որոնց վերաբերյալ հայց էին ներայացրել դատարան: Մասնավորապես չեղյալ է հայտարարվել օրենքի պարտադիր բաղադրիչը: Որոշումը իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչները տարբեր կերպ են մեկնաբանում, մասնավորապես՝ ՍԴ անդամները, վարչապետը, արդարադատության նախարարը հայտարարել են, թե օրենքը գործելու է մինչեւ սեպտեմբերի 30-ը, 5 տոկոսները պահելու են, իսկ նախկինում արված պահումներն էլ չեն վերադարձվելու: Փոխարենը, ՍԴ-ում որպես հայցվոր կողմ հանեդս եկած իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը նշում է, որ 5 տոկոսների պահումը լինելու է կամավոր, իսկ նախկինում արված պահումները պետք է վերադարձվեն:
Հիշեցնենք, որ Հայաստանում այս տարվա հունվարի 1-ից ներդրվել էր պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը: Այն ենթադրում է, որ 1974թ հունվարի մեկից հետո ծնված քաղաքացիներրի աշխատավարձերից պարտադիր կերպով մասնավոր ֆոնդերում պահվելու է 5 տոկոսը, եւս հինգ տոկոս վճարելու է պետությունը: Նշենք, որ օրենքը դժգոհություն է առաջացրել քաղաքացիական հասարակության շրջանում՝ սկիզբ տալով «Դեմ եմ» շարժմանը: Նոր օրենքին դեմ են նաեւ խորհրդարանական ոչ կոալիցիոն չորս ուժերը՝ հավաստիացնելով, որ պարտադիր բաղադրիչը հաասահմանադրական բնույթ կրում:



























