Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը դեռ չի կարդացել Սահմանադրական դատարանի որոշումը  «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ: Այս մասին նա ասաց NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում:

Մարտիրոսյանը նշեց, որ միայն 64 էջանոց որոշումը ընթերցելուց հետո իր կարծիքը կհայտնի: «6 ամիս ժամանակ է տվել ՍԴ-ն,  կծանոթանամ եւ կասեմ»,- նշեց պատգամավորը:

Դատելով որոշման վերաբերյալ մեկնաբանություններից՝ Լեւոն Մարտիրոսյանը նշեց, որ 5 տոկոս վճարները քաղաքացիներից պահվելու են, իսկ նախկինում արված պահումներն էլ չեն վերադարձվելու: «Ես այդ բարեփոխումը կարեւոր եմ համարում, դա պատմական բարեփոխում է, ուղղակի պետք է լավագույնս այն իրականացնել եւ մարդկանց տեղեկացնել, թե ինչ է դա իրենից ներկահացնում: Այդ բարեփոխման PR-ը վատ է իրականացվում»,- նշեց «պարտադիր կուտակայինի զոհ» պատգամավորը:

Նշենք, որ Հայաստանի Սահմանադրական դատարանն ապրիլի 2-ին, Սահմանադրությանը հակասող եւ անվավեր է ճանաչել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի մի ամբողջ շարք հոդվածներ, որոնց վերաբերյալ հայց էին ներայացրել դատարան: Մասնավորապես չեղյալ է հայտարարվել օրենքի պարտադիր բաղադրիչը: Որոշումը իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչները տարբեր կերպ են մեկնաբանում, մասնավորապես՝ ՍԴ անդամները, վարչապետը, արդարադատության նախարարը հայտարարել են, թե օրենքը գործելու է մինչեւ սեպտեմբերի 30-ը, 5 տոկոսները պահելու են, իսկ նախկինում արված պահումներն էլ չեն վերադարձվելու: Փոխարենը, ՍԴ-ում որպես հայցվոր կողմ հանեդս եկած իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը նշում է, որ 5 տոկոսների պահումը լինելու է կամավոր, իսկ նախկինում արված պահումները պետք է վերադարձվեն:

Հիշեցնենք, որ Հայաստանում այս տարվա հունվարի 1-ից ներդրվել էր պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը: Այն ենթադրում է, որ 1974թ հունվարի մեկից հետո ծնված քաղաքացիներրի աշխատավարձերից պարտադիր կերպով մասնավոր ֆոնդերում պահվելու է 5 տոկոսը, եւս հինգ տոկոս վճարելու է պետությունը: Նշենք, որ օրենքը դժգոհություն է առաջացրել քաղաքացիական հասարակության շրջանում՝ սկիզբ տալով «Դեմ եմ» շարժմանը: Նոր օրենքին դեմ են նաեւ խորհրդարանական ոչ կոալիցիոն չորս ուժերը՝ հավաստիացնելով, որ պարտադիր բաղադրիչը հաասահմանադրական բնույթ կրում: