Դալմայի այգիների խնդրով զբաղվող «Դալմա-Սոնա» հիմնադրամի նախագահ Ռուզաննա Ղազարյանը այգիների նախկին հողօգտագործողների անունից մարտի 27-ին նամակ է ուղարկել ՀՀ նախագահին, ԱԺ նախագահին եւ ՀՀ վարչապետին՝ հարցնելով, թե ում պետք է դիմել իրենց իրավունքները վերականգնելու համար։
«Երբ մեր Սահմանադրական դատարանը, ՄԱԿ-ի հանձնաժողովը իր որոշման մեջ ընդունել է, որ Հայաստանը ստանձնել է պարտավորություն վերականգնելու Դալմայի հողօգտագործողների խախտված իրավունքը, եւ այնտեղ գրված է, որ Հայաստանը պարտավորվել է վերականգնել նրանց խախտված իրավունքները, հիմա մենք հարց ենք ուղղել՝ կոնկրետ ո՞վ է Հայաստանը, ուզում ենք իմանալ՝ ում դուռը գնանք թակենք, Հայաստան ասելով ու՞մ նկատի ունեն, ո՞ր մարմնին»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ռուզաննա Ղազարյանը, որը նույնպես Դալմայի այգիների նախկին հողօգտագործող է եւ այսօր՝ ապրիլի 3-ին հերթական անգամ կառավարության մոտ էր գնացել՝ պահանջելու վերականգնել իրենց իրավունքները։
Նախկին հողօգտագործողներն այժմ սպասում են գրավոր պատասխանի, որպեսզի իմանան՝ ում դիմեն։
Նշենք, որ Երեւանի «Դալմայի այգիներ» անունով հայտնի հողամասերը խորհրդային ժամանակներում պահպանվել էին իբրեւ գյուղատնտեսական տարածքներ, հիմնականում` անհատ այգետերերի ոչ մեծ հողակտորներ: 2004թ. Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի օրոք քաղաքապետարանը հատվածաբար վաճառեց Դալմայի այգիների տարածքը։ Այժմ այգիների փոխարեն առանձնատներ եւ բազմահարկ շենքեր են: Նախկին այգետերերը հիմնեցին «Դալմա-Սոնա» հիմնադրամը, եւ արդեն քանի տարի պարբերաբար բողոքում են քաղաքապետարանի եւ կառավարության շենքերի դիմաց՝ պահանջելով փոխհատուցում։
2004-ից նախկին հողօգտագործողները պարբերաբար դիմել են ՄԱԿ-ին՝ բողոքելով, որ Օրհուսի կոնվենցիան է խախտվել՝ այսինքն առանց հանրության կարծիքը հարցնելու Դալմայի այգիներում իրականացվել է «անօրինական» կառուցապատում։ ՄԱԿ-ը որոշում է կայացրել, որ Կառավարությունը անօրինական կերպով է Դալմայի այգիները դրել կառուցապատման տակ ու մի քանի հանձնարարականներ է տվել Կառավարությանը։ 2004, 2006, 2008թթ. այդ հանձնարարականները կրկին ուղարկվել են Կառավարություն, սակայն դրանք մինչեւ օրս չեն իրականացվել։











