Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պատասխանել է ՏՄՊՊՀ նախագահին:
«ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն անդրադարձել էր Օմբուդսմենի 2013թ. տարեկան զեկույցին, սակայն Զեկույցը, ամենայն հավանականությամբ, հանգամանալից չի ուսումնասիրվել:
Արտակ Շաբոյանը խոսում է օրենքի չիմացությունից, այն դեպքում, երբ ՏՄՊՊՀ-ի կողմից զեկույցը սխալ է մեկնաբանվել, նենգափոխվել է դրանում բարձրացված խնդիրը եւ գերիշխող դիրքի առկայության մասին մտահոգությունը ներկայացվել է որպես Պաշտպանի կողմից պնդում, որ գերիշող դիրք ունենալն ինքնին անօրինական է:
Հանձնաժողովի նախագահը պնդում է, որ գոյություն չունի եւ չի կարող ունենալ գոնե մեկ դեպք, երբ ՏՄՊՊՀ-ի կողմից կիրառվել են երկակի ստանդարտներ: Հանձնաժողովին տրված տուգանքի չափի որոշման չափազանց լայն հայեցողությունը, սակայն, ինքնին պարունակում է չարաշահումների եւ տարբերակված մոտեցումների ռիսկեր, առավել եւս, երբ սահմանված չեն պատասխանատվության չափի որոշման հստակ չափանիշներ:
Պարոն Շաբոյանը մենկնաբանել էր նաեւ ՏՄՊՊՀ ստացված սակավաթիվ դիմումների խնդիրը՝ նշելով, որ բողոքների քանակով չի որոշվում այս կամ այն պետական կառույցի հանդեպ հասարակության վստահության չափը: Այնուամենայնիվ, երբ Հայաստանում կան տասնյակ հազարավոր ձեռնարկատերեր եւ միլիոնավոր սպառողներ, ՏՄՊՊՀ-ին 2013թ-ի ընթացքում վստահել է ընդամենը 68 դիմող (ամսական կտրվածքով՝ միջինը 6 դիմող): Մինչդեռ, տնտեսական մրցակցության խնդիրներով Օմբուդսմենը ստանում է բազմաթիվ բողոքներ: Արդյունքում, Հանձնաժողովի ստացած սակավաթիվ դիմումները վկայում են ոչ թե խնդիրների բացակայության, այլ Հանձնաժողովի հանդեպ վստահության պակասի մասին:
Այսպիսով, ՏՄՊՊՀ բոլոր անդամներին հորդորում ենք իրական եւ արդյունավետ աշխատանքով զարգացնել տնտեսական մրցակցությունը երկրում, դրանով իսկ նպաստել մարդկանց սոցիալական խնդիրների լուծմանը, այլ ոչ թե փորձել քննադատությունը այլափոխելով՝ մոլորեցնել մարդկանց»,- ասվում է ՄԻՊ աշխատակազմի հայտարարության մեջ:
ՄԻՊ-ի զեկույցում նշված մի շարք դիտարկումներ բխում են օրենքի չիմացությունից. Արտակ Շաբոյան:



























