Գյումրիում Արտյոմ Կարապետյանի («Շեկո») սպանության գործով ապրիլի 3-ի դատական  նիստին կրկին հարցաքննվեց գործով վկա Սոնյա Գարանյանը, որը նախորդ նիստին ասել էր, որ նախաքննական ցուցմունքում իրեն ստիպել են գրել մի բան, որից ինքը տեղյակ չէր: Վկան այս նիստին եւս պնդեց, որ իրեն վախեցրել են ու ստիպել սխալ ցուցմունք գրել, ինչից հետո մեղադրողի միջնորդությամբ դատարանը հրապարակեց վկայի նախաքննական ցուցմունքի  տեսագրությունները:

Տեսանյութում Սոնյա Գարանյանը քննիչին պատմում էր, որ դեպքի օրը տեսել է սպիտակ գույնի՝ 999 թվերով վերջացող պետհամարանիշով մեքենա, որից իջել է սպիտակ վերնաշապիկով «ոչ չաղ» մի տղա եւ կրակել կայանած «սեւ գույնի, բարձր տիպի մեքենայի» ուղղությամբ: Տեսանյութում երեւում էր, որ վկան քննիչի մոտ գրում է իր  ցուցմունքն ու դուրս գալիս։

Դատարանում Սոնյա Գարանյանն ասաց, որ նախաքննական ցուցմունքը տալիս իրեն ստիպել են խոսել այնպես, ինչպես քննիչն է ասել: Վկայի խոսքով ոստիկանության աշխատակիցները հայհոյել են իրեն. «Ինձ վրա բղավեցին, անգամ, վրես ձեռք բարձրացրին, վախեցրին: Թող էդ քննիչները շնորհակալ լինեն, որ ես իրենց վրա գործ չեմ հարուցում: Ամեն օր տանում էին բաժին, միչեւ գիշերը 12-ը պահում սոված-ծարավ: Ես հիմա էլ եմ ասում, որ ինձ ստիպել են գրել այնպես ինչպես իրենք են ուզել, համ էլ ես քննիչի մոտ մենակ չեմ եղել, թող քննիչը գա, ես իրա դեմքին էլ նույնը կասեմ»:

Սոնյա Գարանյանն ասաց նաև, որ ցուցմունք տալիս ինքը ճնշված է եղել, ինչին մեղադրողը առարկեց։

«Դուք ճնշված չէիք երեւում, լավ էլ քննիչի հետ խոսում ու մանրամասնորեն պատմում էիք»-ասաց  պետմեղադրող Արմեն Շիրոյանը:

Դատարանը նիստը հետաձգեց մինչեւ ապրիլի 4-ը գործով մյուս վկաների ներկայությունն ապահովելու համար:

Հիշեցնենք, որ 2013թ. ապրիլի 23-ին Գյումրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Հարություն Խաչատրյանը («Քավոր Հարութ») եւ Արտյոմ Կարապետյանը («Շեկո»): Վերջինը հիվանդանոցում մահացել էր: Ապրիլի 24-ին ոստիկանության Գյումրիի բաժնում 24-ամյա Վահե Ղուկասյանը (Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդին) խոստովանել էր, որ նշված հանցագործությունը կատարել է ինքը:

Վահե Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 6-րդ կետերով, 104 հոդվածի 1-ին մասով եւ 235 հոդվածի 1-ին մասով: Վահե Ղուկասյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը եւ պնդում է, որ ինքնապաշտպանվել է, առաջինը իր վրա են  կրակել։

Նշենք, որ «Քավոր Հարութը» եւ «Շեկոն» նախկինում խնդիրներ են ունեցել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հարազատների հետ:

Վահե Ղուկասյանի եւ «Քավոր Հարութի» միջեւ հակամարտության պատմությունը գալիս է դեռեւս 2013-ից, երբ «Քավոր Հարութի» այն ժամանակ դեռ անչափահաս որդին՝ Գեւորգ Խաչատրյանը, Սլաբոդկա թաղամասում վիճաբանելով Վարդան Ղուկասյանի եղբոր ՝Գեվորգ Ղուկասյանի հետ, հարվածել էր վերիջինին՝ հասցնելով մարմնական վնասվածք: Այս դեպքից հետո հակամարտող ընտանիքների երիտասարդները հաշտության եզրեր չգտան, մինչեւ տեղի ունեցավ ողբերգություն։