Հրաչյա Քոչար 27 հասցեում ապրիլի 2-ին ինքնահրկիզման փորձ կատարած Արտեմ Մարտիրոսյանը 2 տղա և մեկ 15 տարեկան վատառողջ դուստր ունի: Այս մասին NEWS.am-ին ասաց նրա կինը՝ նշելով, որ աղջիկա մոտ հիվանդությունն ի ծնե է, նա գրեթե չի կարողանում խոսել, բայց Հայաստանում չեն կարողանում ախտորոշել նրա հիվանդությունը:

«Հասիկոյիս լսողությունը տեղում է, բայց խոսքը կիսատ է, չգիտեն, չեն հասկանում՝ ինչ խնդիր է: Տարբեր տեղեր տարել ենք, գլուխը նկարել են, բայց Հայաստանում գլխի ուսումնասիրությունն այդքան զարգացած չի, որ ախտորոշեն: Տարբեր կուրսերի ենք տարել, անընդհատ ասում էին՝ այսօր կխոսի, վաղը կխոսի, մի ամսից կխոսի: Շատ քիչ փոփոխություն էին տալիս, բացի այդ բուժման համար օրը 5000 դրամ գումար էր պետք»,- ասաց Արտեմի կինը, որը խնդրեց իր անունը չհրապարակել:

Նա նշեց որ իրենց խորհուրդ են տվել երեխային բուժման տանել Իսրայել, ինչի համար, իրենց տեղեկություններով 90 հազար եվրո գումար է պետք: Ընտանիքի մայրը հույս չունի, թե իրենց կօգնեն այդ գումարը ձեռք բերել: Նա ասաց, որ ինքնահրկիզման փորձ կատարելու օրն ամուսինը պետք է դիմեր մի քանի պաշտոնյաների օգնության խնդրանքով:

«Երևի ասել են՝ ոչ մի բան չենք կարա անենք, ինքն էլ էդ քայլին է դիմել:Ես իր ուշքի գալուց հետո խոսեցի հետը, ասեցի՝ դու ես անխելք, որ գնացել ես: Երկար չեմ խոսել, հարցեր չեմ տվել, մենակ ասեցի արածդ դուրդ եկա՞վ, ու՞մ էիր ինչ ուզում ապացուցեիր, ինչի՞ ես առողջությանդ վնաս տվել: Սուտ բան ա, էսօր ոչ մեկին քո պրոբլեմը չի հետաքրքրում: Ոչ ոք մեր խնդիրը չի լուծի, եթե լուծող են, թող գնան իրենց խնդիրները լուծեն, որ  մարդիկ Հայաստանից չթողնեն գնան»,- ասաց նա։

«Ճառագայթային բժշկության եւ այրվածքաբանության» կենտրոնի վերակենդանացման բաժնմունքի վարիչ Հովհաննես Ասլանյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ հիվանդը գիշերը ծանր է եղել, բայց շոկից արդեն դուրս է եկել: «Կյանքին վտանգ սպառնացողը շնչուղիների այրվածքն է: Վիճակը դեռ ծանր է, սպասում ենք վատացման: Այսօր-վաղն ավելի կծանրանա, կդառնա ծայրահեղ ծանր: Զուտ կանխատեսումներն ունենք, սպասում ենք դրան»,-ասաց նա՝ նշելով, որ տղամարդն իրենց տեղեկություններով այրվածքներ է ստացել բենզինով առաջացրած բոցից:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հրաչյա Քոչար 27 հասցեում ապրիլի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել.  մի քաղաքացի ինքնահրկիզվել է: Դեպքի վայր հասած շտապօգնության աշխատակիցները նրան տեղափոխել են «Ճառագայթային բժշկության եւ այրվածքաբանական կենտրոն»:  Պարզվել է, որ տղամարդը 43-ամյա Արտեմ Մարտիրոսյանն է, ով այդ պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ:

«Այրվածքաբանության եւ Ճառագայթային բժշկության» կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյանը NEWS.am-ին տեղեկացրել էր, որ Արտեմ Մարտիրոսյանը 3-4-րդ աստիճանի այրվածքներ ունի գլխի, երեսի, դեմքի, պարանոցի, երկու դաստակների շրջանում, բայց ամենավտանգավորը շնչուղիների այրվածքն է: Այրվածքների ընդհանուր մակերեսը կազմում է 30 տոկոս: «Կրակող այրվածքներ էին, հավանաբար բենզինով է այրել իրեն, քանի որ բենզինի հոտ էր գալիս: Գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ, նրա մոտ առկա է նաեւ էպիլեպսիա հիվանդություն»,- ասել էր տնօրենը: