Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 3-ին այցելել է հանրապետության հարավային թեւ եւ ծանոթացել այնտեղ իրականացվող ծրագրերի ընթացքին:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, թե հատուկ ուշադրություն է դարձվել Ադրբեջանի հետ սահմանագծի ամրապնդման խնդիրներին:

Երկրի ղեկավարը հարավային թեւի եւ ամբողջ հանրապետության սոցիալ-տնտեսական առաջընթացի ամենահուսալի գրավականն է համարել երկրի անվտանգության ապահովումը, որն իրականացնում է Պաշտպանության բանակը՝ հավելելով, որ այսուհետ էլ կարվի հնարավորը զինված ուժերի մարտունակության բարձր աստիճանը պահպանելու ուղղությամբ:

Այցելությանը մասնակցում էին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, պաշտոնատար այլ անձինք: