Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ինքն է որոշել հրաժարական տալ. որոշումը եղել է կշռադատված, ոչ թե զգացմունքային: Այս մասին այսօր` ապրիլի 3-ին, ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ Տիգրան Սարգսյանի խոսքերը մեջբերեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Իր անձնական որոշումն է: Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել իր գործընկերներին` նշելով, որ սա կշռադատված որոշում է, ոչ թե զգացմունքային»,- ասաց նա:

Հնարավոր թեկնածուների հետ կապված քննարկում կուսակցությունը չի արել: «Օրենքով սահմանված ժամկետում կառաջադրենք մեր թեկնածուին»,- նշեց Շարմազանովը:

ԱԺ փոխնախագահը ընդգծեց, որ վարչապետի նման որոշումը կապ չունի խորհրդարանական չորս ոչ կոալիցիոն ուժերի օրակարգի հետ:

Նշենք, որ գործադիր մարմնի նիստը տեւեց ընդամենը մի քանի րոպե: