Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը կարծում է, որ Հայաստանի հաջորդ վարչապետը կրկին Հանրապետական կուսակցությունից կլինի: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է քաղտեխնոլոգը:
Մեկնաբանելով Տիգրան Սարգսյանի հրաժարականի փաստը՝ Կարեն Քոչարյանը նշեց, որ դրա պատճառը, ըստ ամենայնի, Սահմանադրական դատարանի որոշումն էր: «Որքան էլ փորձեցին փափկացնել ՍԴ որոշումը, ժամկետներ ներկայացրին մինչեւ սեպտեմբերի 30-ը եւ այլն, միեւնույն է, դա չէր կարող ազդեցություն չունենալ: Կենսաթոշակային բարեփոխումը դրված էր կառավարության քաղաքականության հիմքում եւ, կարծում եմ, հիմնական պատճառը դա է եղել»,- նշեց նա:
Քաղտեխնոլոգը չբացառեց նաեւ քաղաքական բաղադրիչը՝ հիշեցնելով, որ քառյակը հայտարարել էր ապրիլի 28-ին կառավարությանն անվստահություն հայտնելու մտադրության մասին: ՀՀԿ-ն, ըստ Քոչարյանի, այսկերպ փորձումէ ցույց տալ, թե վարչապետի հրաժարականը տեղի է ունեցել ոչ թե մյուս ուժերի ճնշման տակ, այլ հենց իրենց որոշումն է: «Սա նշանակում է, որ հրաժարականը տեղի ունեցավ ոչ թե ԲՀԿ-ի սցենարով, այլ ՀՀԿ-ի եւ, կարծում եմ, վարչապետի հաջորդ թեկնածուն կրկին կլինի Հանրապետական կուսակցությունից»,- ամփոփեց նա:



























