Վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականն անակնկալ չէր: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ մեկնաբանելով վարչապետի հրաժարականի փաստը:
Հարցին, թե սպասում էր դեպքերի նման զարգացում, Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Եթե անակնկալ չէր, սպասում էինք նման զարգացում»։
Երբ է քառյակը պատրաստվում քննարկել Տիգրան Սարգսյանի հրաժարականը եւ հետագա անելիքները՝ հարցին էլ ՀՅԴ-ական պատգամավորը պատասխանեց, որ առաջիկայում կհավաքվեն, կքննարկեն եւ որոշում կկայացնեն:
Նշենք, որ այսօր՝ ապրիլի 3-ին ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին հայտնել է, թե Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմումէ ներկայացրել: Շարմազանովի խոսքով, վարչապետը դիմումը ներկայացրել էր դեռ մեկ ամիս առաջ, սակայն հաշվի առնելով Մաքսային միության հետ կապված եւ այլ հարցեր, նախագահ Սերժ Սարգսյանը խնդրել էր մեկ ամիս սպասել:
Էդուարդ Շարմազանովի խոսքով, վարչապետի դիմումը բավարարվել է:



























