Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հետ Մոսկվա է կանչել ՆԱՏՕ-ում Ռուսաստանի գլխավոր ռազմական ներկայացուցիչ գեներալ-գնդապետ Վ.Գ. Եվնեւիչին: Այդ մասին ապրիլի 3-ին հայտարարել է պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը:
«Իրավիճակի արհեստական լարվածության քաղաքականությունը մեր ընտրությունը չէ: Այնուամենայնիվ, մենք հնարավորություն չենք տեսնում սովորականի պես շարունակել ՆԱՏՕ-ի հետ ռազմական համագործակցությունը»,- հայտարարել է Անտոնովը, ում խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ռազմական հարցերում դաշինքի հետ հետագա համագործակցությունը կառուցելու ենք ելնելով գործընկերների՝ Ռուսաստանին «զսպելու» գործնական քայլերից »,- հավելել է նա:
Պաշտպանության փոխնախարարը հավելել է, որ ՆԱՏՕ-ի երկրների որոշումը դադարեցնել ռազմական ու քաղաքացիական համագործակցությունը Ռուսաստանի հետ զրոյացնում է բազմամյա աշխատանքների արդյունքները:
Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին ՆԱՏՕ-ն հայտարարեց Ռուսաստանի հետ ռազմական ու քաղաքացիական գործնական համագործակցության համալիրի դադարեցման մասին՝ կապված Ուկրաինայում ստեղծված ճգնաժամի հետ:



























