Ուկրաինայի անվտանգության ծառայությունում անհեթեթություն են համարում ռուսական լրատվամիջոցների հայտարարություններն այն մասին, որ Ուկրաինայի՝ Ռուսաստանում ձերբակալված 25 քաղաքացիներ, որոնցից երեքը ներկայացել են որպես «Աջ սեկտորի» անդամներ, նախապատրաստվել էին ՈւԱԾ կողմից Ռուսաստանի տարածքում ահաբեկչություններ իրականացնելու համար: Այդ մասին ՈւՆԻԱՆ-ին հաղորդել են ՈւԱԾ մամուլի ծառայությունից:

«Մենք անհեթեթությունը չենք մեկնաբանում»,- նշել են ՈւԱԾ-ում:

Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին ռուսական ՆՏՎ հեռուստաալիքը հաղորդել էր ուկրաինացի 25 դիվերսանտների ձերբակալության մասին, որոնք Ղրիմի հանրաքվեի ժամանակ Ռուսաստանում ահաբեկչություններ էին նախապատրաստում: Ավելի ուշ ԱԴԾ-ն հաստատեց այդ տեղեկությունը: Ձերբակալվածներն իբր հաղորդել էին, որ հրահանգներ ստացել են ՈւԱԾ-ից: