Հայաստանի Սահմանադրական դատարանի՝ Կենսաթոշակային կուտակային օրենքի մասին որոշման մեջ յուրաքանչյուրը տեսնում է այն, ինչ ինքն է ցանկանում: Այդ մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը:
Հարցին, թե ինչու ՍԴ որոշումը տարընթերցումների տեղիք տվեց հանրության շրջանում, ՍԴ նախագահը պատասխանեց՝ երեք պատճառ բերելով: Առաջինը, ըստ նրա իրավագիտակցության մակարդակն է: Երկրորդը, ընդամենը պետք է սպասեին ՍԴ որոշման ստորագրմանը: Գագիկ Հարությունյանն այսօր է ստորագրել որոշումը եւ վաղը այն կտեղադրվի ՍԴ կտեղադրվի կայքում:
«Երրորդ պատճառն այն է, որ ով ինչ ցանկանում է տեսնել որոշման մեջ, դա է տեսնում»,- ասաց Հարությունյանը: Նա նշեց, որ ՍԴ որոշումը՝ մինչեւ սեպտեմբերի 30-ը օրենքի տարժամկետման մասին ,եզակի երեւույթ չէ, աշխարհում կիրառվող պրակտիկա է, օրենքը թույլ է տալիս ՍԴ-ին կիրառել նման նորմ, ինչից իրենք օգտվել են:
«Օրենքը շարունակելու է գործել։ Թող բացեն օրենքը կարդան, եթե Սահմանադրական դատարանը տարաժամկետել է, ապա օրենքը շարունակում է գործել ամբողջությամբ»,- ընդգծեց Հարությունյանը։
Նա նշեց, որ անձամբ է հետեւելու որոշման կատարմանը: ՍԴ նախագահը սակայն կարծում է, որ պետք են վստահության ամուր հիմքեր: Այն հիմքերը, որ դրված են օրենքի հիմքում, խախուտ են, այն բանով, որ թոշակների ինդեքսավորման հարցը թողած է պարզապես կառավարության վրա: Նա նշեց, որ այն խումբը որ պետք է աշխատի մինչեւ սեպտեմբեր, պետք է որոշի, թե ՍԴ-ն ինչու է հակասահմանադրական ճանաչել օրենքի որոշ նորմեր:
«Սեպտեմբերի 30-ից հետո, եթե համարժեք փոփոխություններ չարեցին, որոշակի քաոտիկ վիճակ կառաջանա: Մենք չենք զլանա եւ չենք սպասի մինչեւ տարեվերջ, այլ հոկտեմբերին արտահերթ արդյունքների ամփոփում կանենք եւ կհայտարարենք,թ ե ինչ վիճակ է»,- նշեց նա:
Նշենք, որ Հայաստանի Սահմանադրական դատարանն ապրիլի 2-ին, Սահմանադրությանը հակասող եւ անվավեր է ճանաչել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի մի ամբողջ շարք հոդվածներ, որոնց վերաբերյալ հայց էին ներայացրել դատարան: Միաժամանակ ՍԴ-ն մինչեւ սեպտեմբերի 30-ը ժամանակ է տվել խորհրդարանին եւ կառավարությանը՝ օրենքի որոշ դրույթները փոփոխության ենթարկելու:
Դրանից հետո կառավարության անդամներն ու ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը մեկնաբանեցին, թե օրենքը կիրառվելու է մինչեւ սեպտեմբերի 30-ը, վճարումները պետք է պարտադիր կատարվեն: Մինչդեռ օրենքի դեմ հայց ներկայացրած ուժերը պնդում են, որ դա հակասահմանադրական է:



























