Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպան Ջեֆրի Փայեթը վստահություն է հայտնել, որ երկրում Մայդանն արտաքին միջամտությամ չէր կազմակերպվել, դա «ուկրաինացիների արժանապատվության հեղափոխությունն էր»:
«Շատ հարցազրույցներում նշվել է, որ պատմության դասագրքերը կմտածեն, թե ինչպես է պետք անվանել այս հեղափոխությունը: Բոլորից շատ ինձ դուր է գալիս «արժանապատվության հեղափոխություն» տարբերակը: Քանի որ մարդիկ փորձում էին վերադարձնել իրենց արժանապատվությունը… Ուկրաինացիները Ռուսաստանի կամ Ամերիկայի դեմ դուրս չեկան, նրանք բողոքում էին իրենց արժանապատվությունը պաշտպանելու համար»,- ասել է նա «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Փայեթը պատմել է, որ տեսել է այն տեսագրությունը, որտեղ ՄԱԿ մշտական ներկայացուցիչ Վասիլի Չուրկինը հայտարարում է, որ «ԱՄՆ-ի դեսպանությունը Մայդանում իր գրասենյակն ունի, եւ որ ամենը մենք են կազմակերպել, որ այդ գրասենյակից կրակ են արձակել»:
«Սա անմտություն է: Սա այն չէ, ինչը կարող է իրականացնել, կազմակերպել Ամերիկան: Մայդանը նախապատրաստեց ու իրականացրեց ուկրաինական ժողովուրդը՝ ընդ որում տարբեր քաղաքական ուժերը ներկայացնող անձանց կողմից»,- ընդգծել է դիվանագետը:




























