Հայաստանում ստեղծված թքի միջոցով գերհոգնածության մակարդակը պարզելու մշակումը կիրառություն կգտնի արտերկրում։ Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում ասաց Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի Հայկական տարածաշրջանային բաժանմունքի տնօրեն Համլետ Նավասարդյանը՝ ավելացնելով, որ այդ համաձայնությունը հայ գիտնականների եւ լատվիայի ներդրողների միջեւ ձեռք է բերվել ապրիլի 21-23-ը Տոմսկում «Տեխնոլոգիայի առաջմղում» ֆորումի ժամանակ։
«Հայ գիտնականների մշակումը հնարավորություն է տալիս թքի միջոցով պարզել մարդու գերհոգնածության մակարդակը եւ ինֆարկտ-ինսուլտ ստանալու հավանականությունը»,-ասաց Նավասարդյանը՝ ավելացնելով, որ այդ մշակման կիրառումը կարեւոր է հատկապես վարորդների, օդաչուների, եւ սպորտսմենների համար։
Տեղեկացնենք, որ «Տեխնոլոգիայի առաջմղում» ֆորումը միջավայր է, որտեղ հանդիպում են տարբեր երկրների գիտական նախագծեր մշակողներն ու բիզնեսի ներկայացուցիչները, եւ փորձում համագործակցության եզրեր գտնել։
Այս տարի Հայաստանից ֆորումին մասնակցում էին ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի ներկայացուցիչները։
Նշենք, որ նմանատիպ ֆորում նախատեսվում է անցկացնել ամռանը Հայաստանում։




























